Խոսքը օրենքով սահմանվող վարձատրության միջոցների` այս դեպքում հավելման մասին է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր կարգավորումներով ՍԴ դատավորիներին 46-48 միլիոն դրամ հավելավճարներ տրամադրելուն։
«Ինչու՞ չենք փոփոխում դրույքաչափը. որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի, և դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։
Այսինքն՝ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում։ Մինչև այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,–ասաց նախարարը։
Հարցին՝ ինչքա՞ն է ավելանալու ՍԴ դատավորի վարձատրությունը, Գալյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև տարբեր դատավորներ տարբեր ստաժ ունեն. միջինը, գուցե, 200-300 հազար, գուցե 400 հազարի չափով՝ բայց ըստ տարիների»։