E-draft-ի՝ ամիսներ տևող խափանումների ֆոնին նախարարությունը վստահեցնում է՝ կայքն աշխատում է բնականոն ռեժիմով

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման և հանրային քննարկման միասնական հարթակը՝ E-draft-ը, վերջին ամիսներին շարունակում է գործել խափանումներով։ Վերջին նման դեպքը Iravaban.net-ը արձանագրել է այսօր՝ մարտի 18-ին, 9։46։

E-draft հարթակը գործում է Արդարադատության նախարարության կողմից և նախատեսված է օրենսդրական նախաձեռնությունների հրապարակման, ինչպես նաև դրանց վերաբերյալ հանրային քննարկումների ապահովման համար։ Այն հանդիսանում է պետություն–հասարակություն կապի կարևոր գործիք՝ հնարավորություն տալով քաղաքացիներին և մասնագետներին մասնակցել իրավական ակտերի մշակման գործընթացին։

Գուգլի որոնումների պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հարթակի աշխատանքում խափանումներ առկա են առնվազն 2025 թվականի դեկտեմբերի 18-ից։ Այդ ժամանակից ի վեր օգտատերերը պարբերաբար արձանագրում են կայքի անհասանելիության կամ տեխնիկական այլ խնդիրներ։

Խնդրի առնչությամբ փետրվարի 23-ին Iravaban.net-ը հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե ինչու է կայքը աշխատում խափանումներով և ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ։ Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը գործում է բնականոն ռեժիմով։ Միաժամանակ նշվել է, որ համակարգի աշխատանքի ընթացքում արձանագրվող կարճաժամկետ տեխնիկական խափանումներին տրվում է օպերատիվ արձագանք, և առաջացած խնդիրները վերացվում են սեղմ ժամկետում։

Չնայած այս պարզաբանմանը, մարտի 18-ին արձանագրված խափանումը ցույց է տալիս, որ հարթակի աշխատանքում տեխնիկական խնդիրները շարունակում են կրկնվել։

Leave a Comment