Վաշինգտոնի հեղինակավոր Brookings Institution վերլուծաբանական կենտրոնի փորձագետ Ասլի Այդինթաշբաշը սենսացիոն բացահայտում է արել, երբ ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների նախօրեին Միացյալ Նահանգները Թուրքիային և ՆԱՏՕ-ի մի քանի այլ դաշնակիցների վստահեցրել է, որ «մարտական գործողությունները չորս օրում կավարտվեն»:
Այդ տեղեկությունը փոխանցել է Անկարայում ադրբեջանական իշխանամետ haqqin.az-ի հատուկ թղթակից Ռուսլան Բաշիրլին: Ըստ Այդինթաշբաշի, Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը և Իսրայելը «տարբեր նպատակներ են հետապնդում»:
Նրա կարծիքով, այդ ռազմագործողությունը սկսելիս Դոնալդ Թրամփը համոզված է եղել, որ այաթոլլա Ալի Խամենեիի տապալումը կամ սպանությունը «կփլուզի կրոնապետությունը և հնարավոր կլինի Իրանի քաղաքական վերնախավի չափավորական թևից մեկի հետ պայմանավորվել նոր իշխանության ձևավորման և հետագա հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:
Ավարտվում է պատերազմի տասնութերորդ օրը, և միակ ակնառու նորությունը այն է, որ Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» կիսառազմական խմբավորման հրամանատար Գոլամռեզա Սուլեյմանին «սպանված» են:
Այդ մասին մամուլի հատուկ ասուլիսին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը: Ժամեր անց իրանական կողմը սոցիալական X հարթակում Լարիջանիի անունից ձեռագիր տեքստ է հրապարակել, որով «նա ցավակցություն է հայտնել» իրանցի տասնյակ նավաստիների զոհվելու կապակցությամբ:
Ըստ երևույթին, Լարիջանիի սպանության լուրը հավաստի է: Նրա անունից տարածված տեքստում ասված է, որ «հանուն հավատի մարտիրոսվելը յուրաքանչյուր իրանցու համար պատիվ» է: Սա, թերևս, ակնարկ է, որ Լարիջանին նույնպես «արժանացել է հանուն հավատի նահատակության բարձր պատվի»: Եթե այդպես է, ուրեմն Իրանի բարձրագույն ղեկավարությունը փաստացի գլխատված է: Գերագույն հոգևոր առաջնորդի «բացակայության» պայմաններում, ինչպես աղբյուրներն են հաստատել, երկրի համար բախտորոշ որոշումներ կայացրել է Ալի Լարիջանին:
Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակում կատարում է գերագույն հոգևոր առաջնորդը, իսկ այաթոլլա Մոջթաբա Խամենեին այսօր նման որոշում կայացնելու հնարավորություն չունի:
Բացառված չէ, իհարկե, որ ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարությունը նրա անունից հայտարարի Լարիջանիին փոխարինողի անունը, բայց որևէ երաշխիք չկա, թե իսրայելա-ամերիկյան հրթիռը կամ դրոնը որևէ ապաստարանում չի գտնի նաև նրան:
Այս ֆոնին խիստ ուշագրավ է հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը: Նա ասել է, որ իրանցիները «վիրավորված են, որ ԱՄՆ-ը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների փուլում դիմել է ռազմական գործողությունների և ամերիկացիների հետ քննարկումների պատրաստ» չեն:
Ֆիդանը, սակայն, հավանական է համարել, որ Իրանի ներկայացուցիչները «կարող են ներգրավվել անդրկուլիսյան բանակցությունների»: Բարդ է ասել, թե այդ հարցով Թուրքիան Իրանի և Միացյալ Նահանգների հետ նախնական խորհրդատվություններ անցկացրե՞լ է, թե՞ Ֆիդանը միայն «բարի ցանկություն է հայտնել», բայց, կարծես, բոլորի համար պարզ է, որ Իրանի դեմ ԱՄՆ տրիումֆալ հաղթանակը «չի ստացվել»:
Միաժամանակ, սակայն, ոչ ոք չգիտի, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններով կկանգնեցվի պատերազմը: