17 Մարտի 2026, 22:00
Փասադենայում կայացել է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի «Փոշի և երազանքներ» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը հանդիպել է երկրպագուներին, զրուցել նրանց հետ, մակագրել գրքերն ու մարզաշապիկները:
Փասադենան Յուրա Մովսիսյանի համար յուրահատուկ քաղաք է: ԱՄՆ տեղափոխվելուց հետո նա հաստատվել է հենց այս քաղաքում:
«ԱՄՆ տեղափոխվելուց հետո եկել եմ Փասադենա։ Կարելի է ասել, որ այն իմ երկրորդ տունն է»,-ասել է Մովսիսյանը:
Նա տեղեկացրել է, որ գիրքը կթարգմանվի հայերեն ու ռուսերեն, ինչպես նաև կթողարկվեն աուդիոգրքեր։ Բացի այդ, նախատեսվում են մի շարք շնորհանդեսներ: Գիրքը կներկայացվի նաև Ֆրեզնոյի, Բոստոնի, Նյու Յորքի և Լոս Անջելեսի հայկական դպրոցներում։
Հեղինակը նշել է, որ ծրագրում է հրատարակել այս շարքի շրջանակում ևս երեք գիրք՝ նվիրված իր մարզական կարիերայի տարբեր փուլերին:
«Փոշի և երազանքներ» գրքով Յուրա Մովսիսյանը երեխաներին սովորեցնում է ճիշտ հաղթահարել փորձությունները կյանքի տարբեր փուլերում։
Ֆուտբոլիստն իր գրքի մասին գրել է, որ այն պատմում է ոչ միայն մարզական հաջողությունների, այլև դժվարությունների մասին, որոնցով անցել է․
«Այս պատմությունը ծնվել է փոշուց ու առաջ գնացել երազանքների շնորհիվ: Գիրքը հիշատակում է այն մասին, որ մեծությունը ոչ միշտ է ծնվում մեծ մարզադաշտերում կամ կատարյալ խաղադաշտերում: Երբեմն այն սկսվում է մոռացված անկյուններում, քարուքանդ հողի վրա ու երեխաների սրտերում, որոնք խաղում են, երբ ցուրտը սողոսկում է ոսկորներից ներս ու ցերեկային լույսը մարում»։