Առաջիկա ընտրություններին հանրությունը Քոչարյանին ձայն չի տա. քաղաքագետ

Առաջիկա ընտրություններին հանրությունը Քոչարյանին ձայն չի տա. քաղաքագետ

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է. երեկ հայտարարվեց, որ ՀՅԴ-ն ու «Առաջ» կուսակցությունները դաշինք են կազմում, որն էլ գլխավորելու է Քոչարյանը։

«Իրանք մտածում եմ, որ ավելի շատ ռեյտինգ ունեն, բայց, բնականաբար, հունիսի 7-ին կհասկանան, որ շատ ավելի քիչ ռեյտինգ ունեն, առավել ևս Քոչարյանի ղեկավարությամբ», – Radar Armenia-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ անդրադառնալով Քոչարյանի շարունակական մասնակցությանը։

Երկրորդ նախագահը հայտարարել է, որ իշխանության հետ պայքարի մեջ է մտել նրանց գալու առաջին օրերից և չի հանգստանա այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Առաքելյանի պնդմամբ, սակայն, նա ոչ թե իշխանության դեմ է պայքարում, այլ՝ Հայաստանի Հանրապետության. «Իրենց ամբողջ քաղաքական նպատակը Հայաստանը դարձնել որևէ երկրի ինչ-որ կցորդ է։ Այդ առումով ինքը անկեղծ չէ», – ասաց Էդգար Առաքելյանը

Էդգար Առաքելյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններին հանրությունը Քոչարյանին ձայն չի տա. «Նաև նրանք չեն կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Այսօր չեմ կարծում, որ մեր ժողովուրդը մոռացել է այդ տարիները, երբ որ ինքն էր նախագահը կամ իր իրավահաջորդը», – շեշտեց նա։

Քաղաքագետը պնդեց, որ Քոչարյանը, երբ խոսում է խաղաղության մասին, ազնիվ չէ. «Նա խոսում է անվտանգության մասին, ապա պետք է հիշենք, թե այդ առումով ինչ է տեղի ունեցել իրենց կառավարման ժամանակահատվածում՝ նախ հոկտեմբերի 27-ը, ապա ինչպիսի զինված ուժեր գոյություն ունեին նրա ժամանակ կամ ինչպես էր սահմանային իրավիճակը», – ընդգծեց նա՝ հավելելով, որ Քոչարյանը իրավունք չունի անվտանգության մասին խոսել։

Առաքելյանը վստահեցրեց, որ այն, ինչ Քոչարյանը հայտարարում է, փորձում է ազդել ժողովրդի հիշողության վրա. «Բայց համոզված եմ, որ ժողովուրդը լավ հիշում է իրենց կառավարման տարիները», – ասաց նա։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment