17 մարտի 2026 – 17:07 AMT
PanARMENIAN.Net – 1000 և 10, 000 դրամանոց թղթադրամների հնարավոր փոփոխության հարցը, որոնք քաղաքացիները հաճաժ շփոթում են, քննարկվել է, սակայն այն կապված է զգալի ծախսերի հետ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշել է, որ ԱՄՆ դոլարի տարբեր թղթադրամները նույն գույնի, նույն ձևի և չափի են, սակայն մարդիկ սովորաբար դրանք չեն շփոթում, հայտնում է Panorama.am-ը:
«Ես ընդունում եմ, որ կա ինչ-որ գունային գամայի նմանություն, բայց ամեն դեպքում, եթե ուշադիր լինեն, պիտի որ խնդիր չլինի»,- նշել է նա։
Գալստյանը հավելել է, որ եղել է մի փոքր ձևափոխելու փորձ:
«Մենք դրա մասին խոսեցինք, մտածեցինք, ուղղակի մեծ ծախսեր են լինելու։ Մենք փորձեցինք, եթե չեմ սխալվում 10,000 դրամանոցի վրայի «10,000» գրվածը փոխեցինք, որ այն ավելի ակներև լինի, դուրս գա»,- ասել է նա:
ԿԲ նախագահը նաև հայտնել է, որ նոր սերնդի թղթադրամների համար նախատեսվում է 3-5 տարվա շրջանառության ժամկետ։
«Որովհետև իրենք կոմպոզիտային են, մենակ թղթից չեն, պլաստիկի էլեմենտներ ունեն իրենց մեջ, որը թույլ է տալիս մեզ, որպեսզի իրենց մաշվածությունը նվազի։ Այսինքն մենք գնացել էինք այն ճանապարհով, որ ծախսերը նվազեցնենք։ Ինչ որ բաներ կան, որ փոխվում է բայց ամբողջությամբ սերիան փոխել այդքան ճիշտ չի լինի այս պահին, դա քննարկելու հարց է»,- ասել է Մարտին Գալստյանը։
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
2017 թ. հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն: