Իսրայելին ու Նահանգներին չի հաջողվել Իրանը «ներսից քանդել»՝ անգամ իրանյան իշխանությունը «գլխատելու» գնով. Հակոբ Բադալյան

Նախօրեին հրապարակվեց մի ուշագրավ տեքստ, որ արտահայտված է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի նամակի տեսքով: Լարիջանիի նամակը ուղղված է ռեգիոնի իսլամադավաններին:

Լարիջանին արձանագրում է, որ ոչ մի իսլամադավան երկիր աջակցություն չի ցուցաբերել Իրանին՝ ԱՄՆ ու Իսրայելի դեմ պայքարում, որը Լարիջանին բնորոշում է չարի դեմ պայքար: Այդուհանդերձ, ըստ նրա, Իրանը միայնակ դուրս է եկել պայքարի ու պատժում է չարին: Լարիջանին նշում է միայն, որ մի քանի երկիր ընդամենը ցուցաբերել են առավելապես քաղաքական աջակցություն:

Միաժամանակ նա արձանագրում է, որ մահմեդական մի շարք երկրներ նույնիսկ տարածք են տրամադրել Իրանի դեմ հարձակումների համար: Դա ինչպիսի՞ մահմեդականություն է, ինչպիսի՞ իսլամ է, հարց է տալիս Լարիջանին:

Միեւնույն ժամանակ նա հայտարարում է, որ Իրանը բացարձակապես չունի որեւէ ռեգիոնալ երկրի հանդեպ գերիշխանության նպատակ եւ ուզում է բոլորի հետ միասին կառուցել ռեգիոնալ անվտանգությունը, առանց Միացյալ Նահանգների միջամտության:

Ինչո՞վ է ուշագրավ այս նամակը: Բնականաբար, այն պարունակում է քարոզչական համատեքստ եւ կազմում է ԱՄՆ-Իրան պատերազմի՝ տեղեկատվական պատերազմի բաղադրիչ: Միեւնույն ժամանակ սակայն, այն ուշադրություն է գրավում նրանով, որ Իրանը կարծես թե դնում է հարց, որը կարող է «դիլեմա» առաջացնել իսլամադավան պետությունների կառավարությունների համար՝ «բաժանվել» ԱՄՆ-ի՞ց, թե՞ սեփական հասարակություններից, որոնք թերեւս մտովի հավատակից Իրանի, այլ ոչ թե Իսրայելի ու ԱՄՆ հետ են: Իհարկե, չնայած նրան, որ իսլամադավան երկրների մեծ մասի հանրությունը սուննի է, իսկ Իրանը՝ շիական երկիր, այդուհանդերձ, եթե մյուս կողմում Իսրայելն է, այստեղ արդեն հանրային միտքը չի տրվի սուննի-շիա բաժանումների, թերեւս:

Լարիջանիի նամակի քաղաքական համատեքստը ուշադրության է արժանի հենց այդ իմաստով: Այսինքն, ստացվում է, որ, եթե օրինակ ԱՄՆ ու Իսրայելը խաղադրույք են կատարում Իրանը «ներսից քանդելու» վրա, Իրանն էլ թերեւս բավականին նրբորեն դնում է իսլամադավան պետությունները «ներսից քանդելու», տվյալ պարագայում այդ պետությունների հասարակությունների ու կառավարությունների միջեւ անջրպետ ստեղծելու վրա: Բնականաբար խոսքն այն իսլամադավան երկրների մասին է, որոնք ամերիկա-իսրայելական դիրքում են:

Իհարկե պարզ չէ, թե Իրանն այդ հարցում ինչպիսի՞ հաջողություն կունենա` ի տարբերություն Իսրայելի ու Նահանգների, որոնց մոտ էլ գոնե առայժմ չի ստացվել Իրանը «ներսից քանդելը»՝ անգամ իրանյան իշխանությունը «գլխատելու» գնով։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment