17 մարտի 2026 – 15:25 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականին արհեստական բանականության դասընթացներ ներդնել Հայաստանի աշակերտների ավելի քան 80 տոկոսի համար, հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը խորհրդարանում ներկայացրել է կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման հաշվետվությունը, հայտնում է Sputnik Արմենիան:
Անդրեասյանի խոսքով՝ որոշ դպրոցների 10-12-րդ դասարաններում արդեն գործում են արհեստական բանականության ուսուցման ծրագրեր։ Դրանցից մեկը իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ՝ ընդգրկելով 26 ավագ դպրոցների մոտ 800 աշակերտի։ Մեկ այլ ծրագիր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ, իրականացվել է 15 ավագ դպրոցներում։
«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում այդ միության հետ՝ արհեստական բանականության համընդհանուր դպրոցական դասընթաց ստեղծելու շուրջ»,– հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով՝ պետությունը շարունակել է ֆինանսավորել նաև «Արմաթ» (ArMath) ինժեներական լաբորատորիաների ծրագիրը, որտեղ արտադասարանական ձևաչափով սովորում է ավելի քան 16 հազար երեխա՝ հանրապետության ավելի քան 630 դպրոցներում։
Փաստաթուղթը նախ քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովներում, որից հետո այն նախատեսվել է ընդգրկել Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։