17 մարտի 2026 – 14:58 AMT
PanARMENIAN.Net – Պատիժը «չպետք է հասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իշխանությանը», հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախը հանձնելու համար երբ է պատժվելու Փաշինյանն ու իշխանությունը:
Լրագրողի դիտարկմանը, որ դա իրենց իշխանության օրոք է եղել, Սինանյանն արձագանքել է. «Հետո ի՞նչ, այ քեզ բան, այսինքն», հայտնում է Panorama.am-ը:
«Մի հասարակ օրինակ. ասենք, հարբեցողը կլինիկական հիվանդություն ունի, լյարդի ցիռոզ է ստացել, խմում է, խմում է, խմում է, վերջին վայրկյանին գալիս է մի հատ բժիշկ, ասում են՝ փրկի կյանքը, ու բժիշկը չի կարողանում կյանքը փրկել»,- նշել է Սիանյանը։
Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ և ասել՝ չի կարողանալու իրավիճակը փոխել, նա պատասխանել է. «Ձեր ասածն անպատասխանատվություն է, ի՞նչ է նշանակում թող հրաժարական տար»։
Նա նաև ասել է, որ Սփյուռքի կառույցներին որևէ հրահանգ կամ զեկույց չի եղել, որ չանդրադառնան Արցախի թեմային` չվնասելու համար ՀՀ արտաքին քաղաքականությանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Նման ցուցում չի տրվել որևէ մակարդակով, որևէ կառույցի, սփյուռքում որևէ անհատի, ավելին ասեմ` նման ցուցում չի տրվել անգամ մեզ. ինձ նման ցուցում չի եկել վարչապետից, որն անմիջական իմ ղեկավարն է։ Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել` ոչ»,– վստահեցրել է Սինանյանը։
Փաշինյանը պարբերաբար խոսում է այն մասին, որ Արցախի մասին խոսույթը պետք է սահմանափակվի, որ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Նրան վրդովվեցնում է անգամ այն, որ օրինակ, պատարագների ժամանակ տեքստից շեղվում են և հղում անում Արցախի Հանրապետությանը։ Ըստ ՀՀ վարչապետի` սա նշանակում է կոնֆլիկտ, և ամեն նման նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ։