17 մարտի 2026 – 10:27 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիությունը Հայաստան է ուղարկելու «հիբրիդային արագ արձագանքման խումբ»՝ երկրի առաջիկա ընտրություններից առաջ առաջացող սպառնալիքներին դիմակայելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ մասին հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, հայտնում է Panorama.am-ը:
Բրյուսելում անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Կալասը նշել է, որ «տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը մնում է կարևորագույն առաջնահերթություն»։
«Մենք արտաքին միջամտության դեմ պայքարում Հայաստանին միայնակ չենք թողնի։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», – վստահեցրել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Երևանը օգնություն է խնդրել։
Նա նաև նշել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են «լայն շրջանակի հարցեր, այդ թվում՝ Վրաստանում ժողովրդավարական իրավիճակի հետագա վատթարացումը»։
Դեկտեմբերին Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երրորդ կողմերի միջամտության փորձերին և «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու հարցում։ Նա նշել էր, որ այդ նպատակով ԵՄ-ն նախատեսում է հատկացնել 15 միլիոն եվրո։