Անդրեասյանն ու Շիրղոլամին խոսել են ՀՀ դպրոցներում պարսկերենի ուսուցման, կինոյում համատեղ ծրագրերի մասին

Անդրեասյանն ու Շիրղոլամին խոսել են ՀՀ դպրոցներում պարսկերենի ուսուցման, կինոյում համատեղ ծրագրերի մասին

17 մարտի 2026 – 10:49 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի բուհերի համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, խոսել ՀՀ դպրոցներում պարսկերենի՝ որպես տարածաշրջանային լեզվի ուսուցման մասին։

Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթաթոշակների ակտիվացման և դիպլոմների փոխճանաչման հարցերին։

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նախորդ տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրում անցկացված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ ու բարձր մակարդակի ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր։

Իր հերթին դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ, և ջանքեր են գործադրվելու այդ հնարավորություններն իրագործելու և ստորագրված համաձայնագրերը կյանքի կոչելու համար։

Կողմերը կարևորել են նաև գրականագիտական և մշակութային ոլորտներում համագործակցության խորացումը՝ երկու ժողովուրդների ժառանգության պահպանման և հանրահռչակման նպատակով։ Նշվել է թարգմանական ծրագրերի իրականացման, փոխադարձ համերգների կազմակերպման և կինոյի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրագործման կարևորությունը։

Leave a Comment