Կվարձեմ նրան որպես իմ շեֆ-խոհարար. Ծառուկյանը ծաղրել է UFC-ի չեմպիոնին

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Արման Ծառուկյանը կատակել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկու հասցեին։

Հայ մարտիկը հեգնանքով է անդրադարձել ավստրալացու խոհարարական նախասիրությանը, որը վերջինս ակտիվորեն լուսաբանում է իր սոցիալական ցանցերում։ Խոսելով Վոլկանովսկու հետ հնարավոր մենամարտի մասին՝ Ծառուկյանը նրան մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հետաքրքիր տարբերակ է առաջարկել։

«Ես կհաղթեմ Վոլկին և հետո նրան կվարձեմ որպես իմ շեֆ-խոհարար։ Որովհետև երբ ես հաղթեմ նրան, նա ստիպված կլինի ավարտել կարիերան և զբաղվել մեկ այլ գործով։ Իսկ ես կարող եմ նրան լավ վճարել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Aviator-ը։

Վոլկանովսկին իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա հունվարին՝ UFC 325 մրցաշարում մրցելով Դիեգո Լոպեսի դեմ։ Այդ դիմակայությունում Ալեքսանդրը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և պաշտպանել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում հանդիպելով Դեն Հուկերի հետ։ Այդ մենամարտը ավարտվել է Արմանի հաղթանակով՝ երկրորդ ռաունդում կիրառված խեղդող հնարքի շնորհիվ։

Leave a Comment