Ավագ բուժաշխատողների պարտադիր անհատական լիցենզավորման վերջնաժամկետին մնացել է ինը ամիս, սակայն այս խմբի համար քննական գործընթացը դեռևս չի մեկնարկել։
Անցումային լիցենզիա ստանալու քննական փուլը հաղթահարել է 905 մասնակից։ Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Առողջապահության ազգային ինստիտուտից (ԱԱԻ)։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր ավագ բուժաշխատողները (բժիշկները-հեղ.) պարտավոր են ստանալ անհատական լիցենզիա։ Ըստ գործող կարգավորումների՝ բժշկական գործունեությունը լիցենզավորման ենթակա անհատական գործունեություն է։ Սա նշանակում է, որ բուժաշխատողն անձամբ է պատասխանատու իր մասնագիտական գործունեության համար, իսկ լիցենզիայի կասեցման կամ դադարեցման դեպքում պատասխանատվությունը չի տարածվում բժշկական հաստատության վրա։
Սահմանվում են լիցենզավորման երկու տեսակներ, որոնք տարբերվում են նպատակով և շահառուների խմբով։ Անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին՝ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեությունն ինքնուրույն իրականացնելու համար։ Այն տրվում է հինգ տարի ժամկետով և ենթակա է երկարաձգման՝ շարունակական մասնագիտական զարգացման պահանջները կատարելու դեպքում։ Անցումային անհատական լիցենզիան էլ նախատեսված է կլինիկական օրդինատուրայում կամ ռազմաբժշկական հետբուհական հաստատություններում ուսումնառող անձանց համար։ Այն իրավունք է տալիս իրականացնել ոչ ինքնուրույն մասնագիտական գործունեություն՝ միայն հսկողության ներքո և լիազոր մարմնի սահմանած ծավալով։ Անցումային լիցենզիան ուժի մեջ է միայն ուսումնառության ժամանակահատվածի համար։
ԱԱԻ-ից հայտնում են, որ քննությունները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերի 10-ին և մինչև տարեվերջ իրականացվել են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այս փուլում լիցենզավորվում են 2025 թվականին և դրանից հետո կլինիկական օրդինատուրա ընդունված կամ ռազմաբժշկական հետավարտական ուսուցում անցնող անձինք։
Լիցենզավորման քննությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստային ստուգում և սիմուլյացիոն պայմաններում գործնական հմտությունների գնահատում։ Ըստ սահմանված հաջորդականության՝ մասնակիցը գործնական փուլին մասնակցելու իրավունք է ստանում միայն թեստային առաջադրանքների առնվազն 70 տոկոսը հաջողությամբ կատարելուց և անցողիկ շեմը հաղթահարելուց հետո։ Քննական գործընթացի յուրաքանչյուր փուլը հանձնելու համար մասնակիցներին տրվում է երեքական փորձի հնարավորություն։
Գործընթացի մեկնարկից մինչ 2026-ի մարտի 10-ը ներկայացվել է բողոքարկման 197 դիմում, որոնցից բողոքարկման հանձնաժողովը բավարարել է 116-ը։
Չնայած ավագ բուժաշխատողների լիցենզավորման վերջնաժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, 2026 թվականի մարտի 10-ի դրությամբ այս խմբի քննական գործընթացը դեռ չի մեկնարկել։ ԱԱԻ-ն տեղեկացնում է, որ ներկայում ընթանում են քննական հանձնաժողովների ձևավորման և լիցենզավորման մեկնարկի տեխնիկական նախապատրաստման աշխատանքները, իսկ քննությունների ստույգ ժամանակացույցը կհաստատվի միայն հանձնաժողովների վերջնական ձևավորումից հետո։ Ինստիտուտը նաև նշում է, որ լիցենզավորման ենթակա մասնագետների հստակ թիվն այս պահին հնարավոր չէ հայտնել, քանի որ այն պարզ կդառնա միայն հայտերի ներկայացման և Բուժաշխատողների ռեգիստրում տվյալների մուտքագրման արդյունքում։
ԱԱԻ-ի նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 2022 թվականից մինչև 2025 թվականի հունիսի 3-ը հավաստագիր ստացած 45342 բուժաշխատողներից 17695-ը ավագ բուժաշխատողներ են։
Այսինքն, եթե չհաշվենք 2025 թվականի հունիսի 3-ից մինչ օրս հավաստագրված բուժաշխատողներին, առնվազն 17695 ավագ բուժաշխատող պետք է քննություն հանձնի անհատական լիցենզիա ստանալու համար։
Գլխավոր լուսանկարը՝ Արծվիկ Դավթյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter