Ֆրանսիայում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով պարզ է դարձել, որ շատ քաղաքներում վերջնական հաղթողը կորոշվի երկրորդ փուլում։
Խոշոր քաղաքներում քաղաքապետերի ընտրությունն արդեն լուրջ մրցակցություն է առաջացրել։ Փարիզում առաջին փուլում առաջատար է սոցիալիստ թեկնածու Էմանուել Գրեգուարը՝ ստանալով ձայների 38.3%-ը։ Երկրորդ տեղում է աջակողմյան թեկնածու, նախկին արդարադատության նախարար Ռաշիդա Դատին՝ շուրջ 26% արդյունքով։
Երկրորդ փուլ են անցել նաև ծայրահեղ ձախ «Անսասան Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչ Սոֆիա Չիկիրուն (11.3%), կենտրոնամետ թեկնածու Պիեռ-Իվ Բուրնազելը (11.2%) և ծայրահեղ աջ «Ռեկոնկիստա» շարժման ներկայացուցիչ Սառա Կնաֆոն, որը նույնպես հաղթահարել է 10% շեմը։
Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն այս ընտրություններում չի առաջադրվել երրորդ ժամկետի համար։
Ընտրություններն անցկացվել են համամասնական համակարգով․ երկրորդ փուլ անցնելու համար կուսակցական ցուցակը պետք է ստանա առնվազն 10% ձայն։ Այս տարվա քվեարկության մասնակցությունն ավելի բարձր է եղել, քան 2020 թվականին՝ գերազանցելով 57%-ը, մինչդեռ նախորդ ընտրություններին, որոնք անցկացվել էին կորոնավիրուսի համավարակի ժամանակ, մասնակցել էր ընտրողների 45%-ից պակասը։
Վերլուծաբանների կարծիքով՝ երկրորդ փուլում վճռորոշ դեր կարող են ունենալ հնարավոր դաշինքները, քանի որ մի շարք թեկնածուներ կարող են համագործակցել թե՛ ծայրահեղ աջերի, թե՛ ծայրահեղ ձախերի հետ՝ վերջնական հաղթանակ ապահովելու համար։