Թուրքիան որսացել է Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը – Armenia Today

ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ, որը հակամարտության սրացումից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ

«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,- հայտնել է նախարարությունը։

Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Թեհրանի հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ 

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Անկարան մարտի 4-ին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։ Ենթադրաբար Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ Թուրքիայի օդային տարածք էր մտել մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել և խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի հետ:

 

Leave a Comment