Հետ չմնալ համաշխարհային միտումներից ու ստեղծել ֆագերի բանկ. սա ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ Հովիկ Փանոսյանի երազանքն ու նպատակն է։
Բակտերիոֆագերի բանկը բակտերիա ոչնչացնող վիրուսների կազմակերպված հավաքածու է, որտեղ դրանք առանձնացվում են տարբեր միջավայրերից՝ ջրից, հողից, նույնականացվում ու գենետիկորեն ուսումնասիրվում, պահվում են հատուկ պայմաններում, և կիրառվում են բուժական կամ գիտական նպատակներով։ Քանի որ ֆագերը շատ մասնագիտացված են և յուրաքանչյուր ֆագ ազդում է կոնկրետ բակտերիայի վրա, բուժման համար պետք է ունենալ ֆագերի տարբեր «պաշար»։


Երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է որոշակի բակտերիա, բանկից ընտրվում է նրան համապատասխան ֆագը։ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնում թեմայի գիտական հետազոտությամբ ակտիվ զբաղվում են։ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ Հովիկ Փանոսյանը պատմում է՝ մի քանի ամիս առաջ միջազգային մի կոնֆերանսի է մասնակցել։ Հետաքրքիր մի միտք են արծարծել, հետազոտել ու այժմ ներկայացնում են գիտական շրջանում. նոր ու ժամանակակից գիտական մեթոդները զարգանում են նաև Հայաստանում։

Կենսաբժշկագիտության ամբիոնը համեմատաբար երիտասարդ ամբիոն է, նոր է կազմակերպվել, բայց համալրված է լավագույն մասնագետներով ու սարքավորումներով։ Այստեղ զարգանում են կենսաբժշկությանը վերաբերող գիտության բոլոր ուղղությունները։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը պատմում է՝ Ֆարմացիայի ինստիտուտը որպես դեղագործական քիմիայի բաժին քիմիայի ֆակուլտետին կից ԵՊՀ-ում բացվել է 1994 թվականին։ Տարիների ընթացքում ամբիոններ ու մասնագիտացումներն ավելացան, ու 2016 թվականին ստեղծվեց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը։ Այն առաջիններից էր, որտեղ նորարարությունը, գիտությունը ու կրթությունը համատեղ էին ներկայանում։ Կենտրոնը սպասարկում է դեղերի որակի վերահսկման նոր բացված մագիստրոսական ծրագիրը։ Այն հետազոտական ու գիտական բաղադրիչ ունի։ 2023-ին լաբորատորիան սերտիֆիկացվել է, այստեղ անցկացվող փորձաքննության արդյունքներն իրենց տեսակով եզակի են։