ՔՊ-ն մանրակրկիտ պատրաստվում է երևանյան ներկուսակցական քարոզարշավին. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մանրամասն մշակում է Երևանում քարոզարշավի սցենարը՝ հաշվի առնելով մայրաքաղաքում քաղաքական ուժի ցածր վարկանիշը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում մտահոգված են Երևանում ստեղծված իրավիճակով, քանի որ կուսակցության վարկանիշն այստեղ զգալիորեն զիջում է մարզային ցուցանիշներին:

Հրապարակման մեջ նշվում է, որ եթե մարզերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը որոշ դեպքերում ընկալելի է, ապա Երևանում նման մոտեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ:

ՔՊ-ից թերթին հայտնել են, որ երևանյան քարոզարշավի սցենարը դեռ հաստատված չէ: Պարբերականի փոխանցմամբ՝ այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում քաղաքական ուժի ներկայացուցիչները կայցելեն Վայոց ձոր և Սյունիք:

ՔՊ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 27-28-ին: Այդ օրերին 1000 պատվիրակներ քվեարկությամբ կորոշեն 50 թեկնածուների վարկանիշային հերթականությունը, իսկ ապրիլի 4-5-ին կայանալիք համաժողովի ժամանակ կհաստատվի ձևավորված 50-յակի վերջնական ցանկը:

Leave a Comment