Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ Հետախուզվողը կալանավորվել է

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ Հետախուզվողը կալանավորվել է

12 մարտի 2026 – 17:57 AMT

PanARMENIAN.Net – Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ՝ գործով անցնող հետախուզվող անձը կալանավորվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ ՀՀ և արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերից ստեղծել և մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը ղեկավարել են կայուն և կազմակերպված հանցավոր խումբ։ Կազմակերպության անդամների գործողությունները համակարգելու համար ձևավորվել է բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և մասնագիտացման վրա հիմնված դերաբաշխում։

Քննությամբ պարզվել է, որ խմբի ներսում մշակվել են վարքագծի և արգելքների ներխմբային կանոններ, ներդրվել են հանցագործությունների իրականացման հստակ մեխանիզմներ, ինչպես նաև կիրառվել են ներդրումային խարդախություններից արդեն տուժած անձանց վրա հոգեբանական ազդեցության տարբեր մեթոդներ։

Հանցավոր խմբի անդամները օգտագործել են համակարգիչներ, տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովումներ, սոցիալական ցանցերում տարածել են գովազդներ՝ մեծաթիվ մարդկանց ներգրավելու նպատակով, ինչպես նաև կիրառել են կեղծ բովանդակությամբ կայքեր՝ վստահություն ձևավորելու համար։ Բացի այդ, նրանք վարձակալել են գրասենյակային տարածքներ և տարբեր ժամանակահատվածներում հավաքագրել ու ներգրավել կազմակերպության նոր անդամներ։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ կազմակերպության կողմից հափշտակվել է առնվազն 16 միլիոն 94 հազար 945 դրամ։

Հանցավոր կազմակերպության անդամներից մեկը՝ հետախուզվող Ռ.Պ.-ն, կալանավորվել է։

Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Leave a Comment