«Ոսկե ծիրան»-ը՝ աշխարհի լավագույն կինոփառատոնների ցանկում

Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան (FIAPF) «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն ընդգրկել է լավագույն 50 փառատոնների ցանկում՝ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից։ Այս մասին տեղեկանում ենք «Ոսկե ծիրան»-ի ֆեյսբուքյան էջից։ 

1933-ին ստեղծված FIAPF-ն Միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպություն է։ Այն հավատարմագրում է շնորհում է այն փառատոններին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։

««Ոսկե Ծիրանի» ընդգրկումն այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև։

«Ոսկե Ծիրանը» շարունակելու է իր առաքելությունը՝ աջակցելու հեղինակային կինոյին, բացահայտելու նոր ստեղծագործական ձայներ և խթանելու մշակութային երկխոսությունը կինոյի միջոցով»,- ասված է փառատոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ աջից՝ փառատոնի հիմնադիրներ Սուսաննա Հարությունյանը (կինոգետ), Հարություն Խաչատրյանը (ռեժիսոր)



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment