Բժշկական գիտությունների թեկնածու, առողջապահության կազմակերպիչ, «Առողջություն և առողջապահություն» ՀԿ նախագահ Լիլիթ Կուջոյանը գրում է.
«Առողջապահությունը ազգային անվտանգության ոլորտ է
Երբ անցյալ տարի աշնանը, մայրաքաղաքի և մարզերի մի քանի խոշոր ԲԿ-ների տնօրենների մրցույթ էր, ես որպես ՀԿ հիմնադիր-նախագահ, դիտորդ էի։ Ահազանգում էի ինձ հասանելի համեստ բոլոր հարթակներում բազում արատավոր դրվագների մասին, որոնցից ամենացցուններն էին. նախ` դիտորդների իրավունքների խախտումը, երկրորդ ` շատ վատ կրթական մակարդակի թեկնածուները։ Չընդդիմությունը ոչ մի կերպ չհետաքրքրվեց այս հարցով…
Թվում էր, թե Առողջապահության նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը հաջորդիվ կայանալիք մրցույթներին դիմորդ-թեկնածուների անցողիկ չափանիշների շեմը բարձրացնելու համար։
Բայց` ոչ…
Պետական այրերը հաճույքով գտել են ևս մեկ «պատճառագիտական» գործոն առողջապահության պատասխանատու օղակները բժիշկներից «մաքրելու» համար` հիվանդագին դարձած նպատակ, որին քայլ առ քայլ գնում են այս տարիների ընթացքում, ու կրկին Չընդդիմության լուռ համաձայնության պայմաններում։
Եվ ահա, ծրագրավորած մոտակա քայլն է Ազգային Ժողովի Թիվ 47 նիստի օրակարգին, 18.03.2026-ին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին քննարկումը (Կ-1254-09.02.2026-ԱռՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն։
Ողջ «փորացավը» այն է, որպեսզի բուժհիմնարկների տնօրենների համար սահմանված պահանջները նվազեցվեն, ավելին` ոչ-բժիշկները կառավարեն, այն էլ նվազագույն աշխատանքային փորձով, անբավարար վերապատրաստման հիմքով։
Ի դեպ, «վերապատրաստումների» վերաբերյալ մի շաաատ հետաքրքիր փաստ կա, որին կանդրադառնամ հաջորդիվ հրապարակումներով։
Այսպիսով, առողջապահությունը կդարձնեն սուպերմարկետ` շահույթի մասին մտածող ու վերադասի հրամանները լուռումունջ կատարող օբյեկտի, այլ ոչ թե բուժառուի շահերին ծառայող ու այդքան թմբակահարվող Հիպոկրատի երդմանը հավատարմություն ապահովող կառույցի։
Կարծում եմ, վերոնշյալ փաստերը արդեն բավարար են հասկանալու համար, թե ինչու էր մի քանի տարիների ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի իշխանական թեկնածուն անպատիժ զբաղվել ինքնիրավչությամբ ու հիմա էլ իբր դատական հետապնդման մեջ է։ Կամ էլ, ինչու է Վեդու ԲԿ-ի տնօրենը կարողացել 140 մլն-ը դուրս բերել բժշկական կենտրոնի բյուջեից` աննկատ ու առանց վերահսկողության։
Եվ այսպես շարունակելի…
Ու մինչև Չընդդիմություն խաղացողները գրառումներ են կատարում, սրանք իրենց նպատակներին քայլ առ քայլ հասնում են։
Կադրային սովը բոլոր թիմերում ակներև է։
Ու փոխանակ սխալների շտկում կատարեն «դիմություն- չընդդիմություն»-ները, նախընտրական շրջանում անում են նույն սխալները` առողջապահության թեկնածուներին իրենց թիմերում ընդգրկում են ոչ թե բավարար անաչառությամբ, ազնվությամբ ու գիտելիքներով օժտվածներին, այլ տարատեսակ «արժանիքների», «խաչաձև կապերի» շնորհիվ առողջապահության կողքով անցածներին։
Դե երևի թե տրամաբանական է, քանի որ Հայաստանի դասական «քաղաքականությունը» այնչափ է արատավորված, որ իրեն հարգող ու վաստակաշատ բժիշկը` նույնիսկ պետականաշինությանը նպաստելու մեծ ցանկությամբ, դժվար թե կարողանա իր մասնագիտական ապրելակերպին հակառակ, բայց քաղաքական դաշտում սովորական դարձած մի քանի վարքականոններ որդեգրել. խոստանալ-չանել, որոշումները կայացնել նեղ խմբակային շահերից ու ոչ մարդասիրությունից դրդված, ուրանալ գիտելիքը ի շահ փողի ու պաշտոնի, և այսպես շարունակելի…
Տարբեր թոհուբոհերով անցնող, թիրախավորվող, բայց չվաճառվող, բուժառուներին կյանքը նվիրած, ինչի արդյունքում զրկանքներ կրող, բայց իր Հայրենիքը սիրող ու սրտացավությամբ ահազանգող կին, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ, առողջապահության կազմակերպիչ,
«Առողջություն և առողջապահություն» ՀԿ հիմնադիր-նախագահ Լիլիթ Սեյրանի Կուջոյան»: