Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ G7-ի առաջնորդները համաձայնել են ուսումնասիրել Պարսից ծոցում նավերի ուղեկցման հնարավորությունը` նավարկության ազատությունն ապահովելու համար, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
Հանդիպումից հետո տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հարցը կքննարկվի նավագնացության ընկերությունների, փոխադրողների և ապահովագրողների հետ։
G7-ի երկրները նաև մտադիր են համակարգել ջանքերը միմյանց և Պարսից ծոցի երկրների հետ՝ հաշվի առնելով «պատերազմի տնտեսական հետևանքները, այդ թվում՝ ազդեցությունը ֆերմերների և պարենային անվտանգության վրա»։
«Այս իրավիճակը նաև ընդգծում է էներգետիկ անկախության և էլեկտրաֆիկացման ծրագրի իրականացման կարևորությունը՝ աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ մեր խոցելիությունը նվազեցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսից հետո, հայտարարել է, որ դեռևս հաստատում չունի, որ իրանցիները ականապատում են Հորմուզի նեղուցում։
Մակրոնի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը տեղի է ունեցել G7-ի առաջնորդների առցանց հանդիպում՝ նվիրված Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Ֆրանսիան ներկայումս նախագահում է G7-ում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
