ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է.

«Ողջունում ենք Ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Արժեւորում ենք անկախ դիտորդների ներգրավվածությունն ընտրական գործընթացներում, ինչպես նաեւ նախաձեռնության գործունեությունը՝ որպես ոչ պաշտոնական եւ ապակուսակցական հարթակ»:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ին, որին մասնակցել են խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը եւ Արթուր Խաչատրյանը:

«Մենք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող անկախ փորձագետների խումբ ենք: Հայաստանում ենք՝ հասկանալու այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող են խոչընդոտել ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը»,- ասել է իրավապաշտպան, Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Նախաձեռնության անդամները նշել են, որ իրենց առաքելության նպատակն է գնահատել երկրի ժողովրդավարական վիճակը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ:

Խմբակցության պատգամավորները պատասխանել են հյուրերի հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առկա մարտահրավերներին, ինչպես նաեւ ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը վտանգող հնարավոր խոչընդոտներին:

Leave a Comment