11 մարտի 2026 – 15:47 AMT
PanARMENIAN.Net – ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը փետրվարին աճ է գրանցել՝ վերջին հինգ ամիսների ընթացքում առաջին անգամ, հայտնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան գրասենյակը:
Նշվում է, որ աճը պայմանավորված է ցորենի, բուսական յուղերի մեծ մասի և մսի մի շարք տեսակների գների բարձրացմամբ, որը գերազանցել է պանրի և շաքարի գների նվազման ազդեցությանը։ Այս մասին նշվում է այսօր հրապարակված՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նոր թարմացված զեկույցում, հայտնում է Factor.am-ը:
ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը, որը չափում է միջազգային շուկայում հիմնական պարենային ապրանքների գների ամսական փոփոխությունը, փետրվարին կազմել է միջինը 125.3 միավոր։ Սա 0.9 տոկոսով բարձր է հունվարին վերանայված ցուցանիշից, սակայն 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված մակարդակից։
ՊԳԿ-ի հացահատիկային մշակաբույսերի գների ինդեքսը հունվարի համեմատ աճել է 1.1 տոկոսով՝ հիմնականում համաշխարհային ցորենի գների բարձրացման պատճառով։ Այդ աճի վրա ազդել են Եվրոպայի և ԱՄՆ-ի որոշ շրջաններում արձանագրված ցրտահարությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում և ավելի լայն Սևծովյան տարածաշրջանում շարունակվող լոգիստիկ խափանումները։ Միաժամանակ եգիպտացորենի միջազգային գները սահմանափակ աճ են գրանցել, իսկ բրնձի համաշխարհային գների ինդեքսը աճել է 0.4 տոկոսով՝ բասմատի և յապոնիկա տեսակների նկատմամբ կայուն պահանջարկի պայմաններում։
Բուսական յուղերի գների ինդեքսը փետրվարին աճել է 3.3 տոկոսով՝ հասնելով ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հունիսից հետո։ Արմավենու յուղի գների բարձրացումը պայմանավորված է համաշխարհային կայուն պահանջարկով և Հարավարևելյան Ասիայում արտադրության սեզոնային նվազումով, իսկ սոյայի յուղի գները բարձրացել են ԱՄՆ-ում կենսավառելիքի քաղաքականության հնարավոր խթանման սպասումների ֆոնին։ Միևնույն ժամանակ արևածաղկի յուղի գները որոշ չափով նվազել են՝ մասամբ Արգենտինայից արտահանման առաջարկի աճի պատճառով։
Մսամթերքի գների ինդեքսը հունվարի համեմատ աճել է 0.8 տոկոսով։ Ոչխարի մսի գները հասել են պատմական առավելագույնի, իսկ տավարի մսի թանկացումը պայմանավորված է Չինաստանի և ԱՄՆ-ի բարձր ներմուծման պահանջարկով։ Միաժամանակ խոզի և թռչնամսի գները փոքր աճ են գրանցել։ Կաթնամթերքի գների ինդեքսը նվազել է 1.2 տոկոսով՝ հիմնականում պանրի գների անկման հետևանքով։
ՊԳԿ շաքարի գների ինդեքսը հունվարի համեմատ նվազել է 4.1 տոկոսով, իսկ 2025 թվականի փետրվարի համեմատ՝ մինչև 27.3 տոկոսով՝ համաշխարհային բարձր առաջարկի ակնկալիքների պայմաններում։
Կազմակերպության նոր կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին հնարավոր է ցորենի համաշխարհային արտադրության մոտ 3 տոկոս նվազում՝ պայմանավորված գների անկման հետևանքով ֆերմերների կողմից ցանքատարածությունների կրճատմամբ։ Այնուամենայնիվ, արտադրության ծավալը դեռ կգերազանցի վերջին հինգ տարիների միջին ցուցանիշը։