«Բոլորին Դեմ Եմ» շարժումը համաձայնություն է ձեռք բերել Հիմնադիր Քաղաքական Միավորման հետ

«Բոլորին Դեմ Եմ» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է

««Բոլորին Դեմ Եմ» շարժումը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնություն է ձեռք բերել Հիմնադիր Քաղաքական Միավորման հետ՝ մեր հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։

Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Հաշվի առնելով, որ վստահությունը առանցքային տեղ է զբաղեցնում մեր գործընկերների գաղափարախոսության մեջ՝ շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերված բարձր վստահության համար։

Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք.

1) Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։

2) Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։

Այս գիտակցումով մենք փորձելու ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվում են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։

Առաջարկը շատ պարզ է զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար»,-ասված է հայտարարության մեջ։

Leave a Comment