Հայաստանում քաղցկեղի հայտնաբերման ցուցանիշները տարեցտարի աճում են։ Մասնագետների կարծիքով, այդ աճը նշանակում է, որ մարդիկ ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում, բայց նաեւ բժշկության առաջընթացի և քաղցկեղով հիվանդների ավելի երկար ապրելու արդյունք է։ Այս հարցերի, ինչպես նաեւ քաղցկեղի առաջացման ու բուժման մասին «Հետքը» զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ, Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Բյուզանդյանի հետ:
Պարզ լեզվով կբացատրե՞ք՝ ինչպես է քաղցկեղն առաջանում մարդու օրգանիզմում։
Մարդու օրգանիզմի բջիջներն անընդհատ աճում և մահանում են։ Մահանալու պրոցեսում աշխատում են դետեկտորներ: Դրանք հուշում են, թե որ բջիջներն են մահացած։ Այդ ազդանշանները փոխանցվում են հատուկ բջիջների, որոնք զբաղվում են մահացած բջիջների ոչնչացմամբ։ Այս գործընթացին զուգահեռ՝ օրգանիզմում մշտապես առաջանում են նաև ուռուցքային բջիջներ։ Նույն մեխանիզմով օրգանիզմը ոչնչացնում է նաև ուռուցքային բջիջները, որոնք տարբեր մուտացիաների արդյունքում են առաջանում։ Լինում են դեպքեր, երբ ուռուցքային բջիջը կարողանում է քողարկվել առողջ բջջի տակ, և օրգանիզմն այն չի ճանաչում որպես ուռուցքային։ Եվ լինում են դեպքեր, երբ ուռուցքային բջիջը կա, այն չի քողարկվում, բայց դրանք վերացնող համակարգն ուղղակի չի կարողանում ճանաչել ուռուցքային բջիջը՝ թույլ լինելու կամ պարզապես չաշխատելու պատճառով։ Սրա հետևանքով ուռուցքային բջիջները կարողանում են գոյատևել, աճում ու բազմանում են։ Արդյունքում ձևավորվում է ուռուցքային հյուսվածք, որը մենք տեսնում ենք այն ժամանակ, երբ այն շատ ավելի մեծ է։
Այսինքն՝ այս ամենը կարող է տեղի ունենալ արտաքին ազդեցություններից անկախ վիճակո՞ւմ:
Այո՛:
Իսկ ո՞ր արտաքին գործոններն են նպաստում կամ քաղցկեղի առաջացման պատճառ դառնում:
Խոսքը կանցերոգենների մասին է։ Դա այն նյութն է, որը մեծացնում է քաղցկեղային բջիջների առաջացման հավանականությունը: Կան և՛ կոնկրետ նյութեր, և՛ միջավայրի գործոններ: Միջավայրի գործոն է աղտոտված օդը, ճառագայթումը և այլն: Դրանք շատ-շատ են։ Միաժամանակ՝ յուրաքանչյուր ուռուցքի համար իր գործոնը կա: Օրինակ՝ թոքի քաղցկեղի համար մոտ 70 ռիսկի գործոն կա, որոնցից մեկը ծխախոտն է, ռադոնը, ասբեստի փոշին և այլն:
Ինչպե՞ս ենք իմանում այս գործոնների մասին:
Այդ գործոնների մասին մենք գլխի ենք ընկել տարիների ընթացքում։ Ժամանակի հետ էլ դրանք հնարավոր է ավելանան կամ պակասեն։ Օրինակ՝ երբ դեռ ասբեստի վնասակար ազդեցության մասին հայտնի չէր, դրա մասին ենթադրել են՝ հիմնվելով նրա վրա, որ թոքերի քաղցկեղ առավել հաճախ առաջանում էր շինարարների մոտ։ Ենթադրել են, որ պատճառը շինարարական փոշին է, որի մեջ կար նաև ասբեստի փոշի։ Հիմա ասբեստ չի օգտագործվում, այսինքն՝ մեկ գործոն պակասեց, բայց հետագայում կարող են կամ արդեն ի հայտ են եկել գործոններ, որոնք մենք դեռ չենք էլ կարող կռահել։
Ճի՞շտ է, արդյոք, որ կան օրգանիզմներ, որոնք առավել հակված են քաղցկեղի, թե՞ սա միֆ է։
Որպեսզի մարդու մոտ չառաջանա ուռուցքային հիվանդություն, մարդը չպիտի ծնվի: Ցանկացած մարդու մոտ առաջանում են ուռուցքային բջիջներ, պարզապես մեխանիզմները վերացնում են դրանք: Այնպես որ՝ բոլոր օրգանիզմներն էլ այս առումով թիրախի տակ են:
Ծխող մարդը վաղ թե ուշ ունենում է քաղցկեղ․ սա ճի՞շտ պնդում է։
Ո՛չ, դա պարտադիր չէ: Ոչ բոլոր ծխող մարդկանց մոտ է հայտնաբերվում քաղցկեղ: Բայց ում մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ, նրանք հիմնականում ծխող են: Կան 70-ից ավելի ռիսկի գործոններ, որոնք ազդում են հենց թոքի քաղցկեղի առաջացման վրա։ Կախված է, թե տվյալ օրգանիզմի վրա որն է ազդել։
Վերջին 35 տարում քաղցկեղով հիվանդների թիվը Հայաստանում աճել է 3,3 անգամ։ Սա քաղցկեղով ապրելու տեւողության երկարացման, վաղ հայտնաբերման, թե՞ հիվանդացության իրական աճի հետևանք է։
Քաղցկեղային հիվանդը երբեք չի համարվում ոչ քաղցկեղային՝ հայտնաբերումից ու նույնիսկ բուժումից 10 տարի հետո: Նա միշտ գրանցված է: Ինչքան մեր հիվանդները երկար են ապրում, այդքան Ձեր նշած թիվը մեծանում է: Մենք սկսել ենք ավելի լավ բուժել: 30 տարի անց փոխվել են մոտեցումները, փոխվել են տեխնոլոգիաները, փոխվել է դեղորայքը: Տարեցտարի ամեն ինչն է փոխվում: Որպեսզի հասկանանք՝ մենք ճիշտ ուղղության վրա ենք արդյոք բուժման տեսանկյունից, պետք է տվյալ հիվանդության միջին ապրելիությունը մեծանա, իսկ հիմա քաղցկեղով հիվանդները, որոնք ապրում են հինգ և ավելի տարի, շատացել են: Նաև պետք է հասկանանք, որ ամեն նոր տարվա հայտնաբերվածների բացարձակ քանակի աճի դեպքում կարևոր է, թե դրանից քանի՞սն է ունենում բացասական ելք:
Քաղցկեղի բուժումը ծանր ու երկարատև է: Հայտնաբերվելուց հետո բուժման նկատմամբ վերաբերմունքն ինչպիսի՞ն է մարդկանց մոտ:
Ընդամենը հինգ տարվա մեջ բուժառուների հոգեբանական ընկալումն ու մոտեցումը հիվանդության նկատմամբ փոխվել է։ Մարդկանց վախը չարորակ նորագոյացությունների նկատմամբ կոտրվել է: Նախկինում քաղցկեղն ընկալվում էր որպես մահվան դատավճիռ: Բայց հիմա մարդիկ ավելի լավ են հասկանում՝ ինչ է իրենց սպասվում: Նաև բժիշկների նկատմամբ վստահությունն է մեծացել: Նվազել է այն մարդկանց թիվը, որոնք տարբեր պատճառներով չէին բուժվում: Մարդիկ հասկանում են՝ ինչ է սպասվում իրենց ու գիտակցաբար են գնում բուժման:
Բուժման չգնալու պատճառը ո՞րն է:
Մարդիկ, հիմնականում, կա՛մ ֆինանսական միջոցներ չեն ունենում բուժման համար, կա՛մ քաղցկեղը ուշ փուլում է հայտնաբերվում: Վերջին տարիներին նվազել է չորրորդ փուլում հայտնաբերվողների թիվը, իսկ վաղ փուլում հայտնաբերվողներինը, հակառակը, մեծացել է:
Քաղցկեղի բուժման ո՞ր մեթոդն է Հայաստանում առավել գերակշռող. վիրահատական միջամտությո՞ւնը, ճառագայթայի՞ն, թե դեղորայքային բուժումը։
Գերակշռում են բոլորը: Կախված է հիվանդի վիճակից, հիվանդության տեսակից ու փուլից: Օրինակ՝ թոքի քաղցկեղի բուժման ժամանակ հիվանդը մի դեպքում վիրահատվում և մնում է վերահսկողության տակ, մյուս դեպքում քիմիաթերապիա է ստանում, հետո վիրահատություն է տեղի ունենում: Լինում է՝ մարդը ուժեղ ցավեր է ունենում մետաստազների պատճառով, օրինակ՝ ողնաշարի հատվածում: Այս դեպքում նա ստանում է ճառագայթային բուժում այդ մասի ցավերը մեղմելու համար:
Այսինքն՝ վիրահատական մեթոդը գերակշռող չէ:
Եթե նույնիսկ գերակշռող է, դա քաղցկեղի բուժման համապատասխան վիճակով է պայմանավորված: Նախկինում գերակշռել է վիրահատական մեթոդը՝ քաղցկեղի մասին սխալ պատկերացումների պատճառով։ Հետո հասկացել են, որ կան ուռուցքներ, որոնք ընդհանրապես պետք չէ վիրահատել, հետո՝ որ կան ուռուցքի փուլեր, օրինակ՝ առաջին փուլում պետք է վիրահատել, երկրորդի ժամանակ մտածել է պետք, չորրորդում ընդհանրապես պետք չէ: Հետո պարզվել է, որ, օրինակ, երկրորդ փուլում վիրահատության ժամանակ պետք է զգույշ լինել, որովհետև վիրահատությունն ավելի մեծ պրոգրեսիա կարող է առաջացնել ուռուցքային բջիջների մոտ։ Ավելի ուշ հասկացել են, որ կարելի է քիմիաթերապիայի միջոցով «խեղճացնել» ուռուցքային բջիջները, որից հետո նոր՝ վիրահատել:
Քաղցկեղի բուժման ո՞ր ուղղություններում ունենք առաջխաղացում ու նորարարական մեթոդների առավել ակտիվ կիրառում։
Այս իմաստով մենք չենք կարող «ոտք մեկնել» ԱՄՆ-ի կամ Գերմանիայի հետ: Պետք է դրա համար համեմատվենք ինքներս մեզ հետ, օրինակ՝ ինչ ունեինք մի քանի տարի առաջ և ինչ ունենք հիմա: Հայաստանի առողջապահական համակարգը մեծ քայլերով գնում է առաջ։ Հիմա հայտնվում են նոր մասնագետներ, կենտրոններ ու մասնագիտացված բաժանմունքներ, որոնք մի քանի տարի առաջ չկային: Հայտնվում են բուժման նոր մեթոդներ, որոնք ժամանակին Հայաստանը պարզապես իրեն թույլ տալ չէր կարող։
Քաղցկեղի բուժման նպատակով արտասահման մեկնումների ինչպիսի՞ դինամիկա կա։
Եթե 10 տարի առաջ մարդկանց կեսը, որոնց մոտ հայտնաբերվում էր քաղցկեղ, մտածում էին՝ դրսում որտեղ գնալ բուժվել, ապա ներկայումս մեծ մասը բուժում է ստանում այստեղ՝ Հայաստանում: Այն, ինչ մենք այսօր անում ենք Հայաստանում, չափորոշիչային տեսանկյունից համապատասխանում է այսօրվա համաշխարհային տվյալներին։ Եթե որևէ բժշկական կամ հետազոտական կենտրոն, կամ անհատ ունենում է հաջողություն այս կամ այն փորձաքննության, լաբորատոր հետազոտության մեջ, դրա մասին խոսում է, և դրա մասին իմանում են բոլորը, այդ թվում՝ նաև մենք։ Այս առումով մենք մեկուսացած չենք։
Ներկայում մարդիկ ինչո՞ւ են մեկնում արտերկիր՝ բուժվելու։
Դրսում բուժվելու անհրաժեշտությունն առաջանում է ինչ-որ սարքավորման կարիքի դեպքում, որը Հայաստանում չկա։ Բուժառուն պետք է հասնի մեկ այլ երկիր միայն նրա համար, որ այդ երկրում կա մի այնպիսի սարք, որն իրեն անհրաժեշտ է: Այսօր քաղցկեղի բուժման երեք մեթոդների արսենալը Հայաստանում կա: Եթե կա ենթադրվող դեղորայք, որը Հայաստանում առկա չէ, բայց բուժառուն պետք է ընդունի, մենք առաջարկում ենք՝ մարդիկ ինչ-որ ձև պատվիրեն կամ որևէ մեկի միջոցով բերեն Հայաստան։ Ցանկալի է, որ բուժառուն լինի տանը, իր ընտանիքում և չունենա այն լարվածությունը, որը կարող է ունենալ այլ երկիր գնալու ժամանակ:
Միջազգային փորձում ինչպիսի՞ մեթոդներ կան, որոնք դեռևս հասանելի չեն Հայաստանում։
Շատ բան կա աշխարհում, որ դեռևս Հայաստանում հասանելի չէ: Բայց պետք է հասկանալ՝ ինչքանով են դրանք պետք Հայաստանին: Օրինակ՝ եթե խոսենք վիրահատական սարքավորումների մասին, ապա Հայաստանում չի կարող լինել դեպք, որ ստրատեգիկ նշանակության սարքավորում չունենանք: Պայմանականորեն, եթե մեկ տարվա մեջ նույն տեսակի քաղցկեղով 1000-1500 հիվանդ ենք ունենում, չի կարող ու չի եղել դեպք, որ այդ հիվանդների բուժման համար անհրաժեշտ սարքավորումները չունենանք: Նրանք, որոնք հասանելի չեն Հայաստանում, պայմանավորված են այդ խնդրով կամ քաղցկեղի տեսակով հազվադեպ հայտնաբերմամբ: Այդ սարքերը չափազանց թանկ արժեն, դրա համար դրվում է ծախսի արդյունավետության հարցը։
Եթե մարդը բուժվել է քաղցկեղից, որքա՞ն է հավանականությունը, որ հիվանդությունը կկրկնվի։
Ցանկացած ուռուցքային հիվանդություն կարող է կրկնվել։ Բայց յուրաքանչյուր տեսակ ուռուցքի համար և յուրաքանչյուր անձի համար դա ուրույն ցուցանիշ է, և դա հաշվելի չէ։ Ընդհանրապես, երբ խոսում ենք քաղցկեղի մասին, կանխատեսելի է հիվանդի մոտ մետաստազներ առաջանալու և ռեցիդիվի փուլ մտնելու ուշ կամ շուտ լինելը: Բայց որոշել, թե հիվանդը նորից կունենա քաղցկեղ կամ չի ունենա, դեռևս, ցավոք, հաշվելի չէ։ Քաղցկեղը և դրա բուժման ընթացքը դոգմա չէ: Ամենապարզ ուռուցքն էլ կարող է զարմանալիորեն արագ տարածվել ու մետաստազներ առաջացնել, բայց այն ուռուցքը, որը թվում էր, թե անհույս է, կարող է հակառակ էֆեկտն ունենալ՝ կայունանալ ու չկրկնվել։
Քաղցկեղի հայտնաբերման ի՞նչ ծրագրեր կան, որոնք ֆինանսավորում են պետությունը և բժշկական կենտրոնները:
Անվճար ստուգումներն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ՝ կրծքագեղձի, արգանդի վզիկի ու կոլորեկտալ քաղցկեղի հայտնաբերման նպատակով։
Քաղցկեղի վաղ հայտնաբերման համար ի՞նչ պետք է իմանա և անի յուրաքանչյուր մարդ։ Որո՞նք են այն ընդհանուր նշանները, որոնց միջոցով օրգանիզմը «հուշում» է քաղցկեղի գուցե վաղ կամ նախաքաղցկեղային փուլի մասին։
Ամեն օրգանի համար սպեցիֆիկ է։ Օրինակ՝ եթե թոքերի քաղցկեղի մասին ենք խոսում, ապա դրա նշաններն են՝ հազը, ցավը կրծքավանդակում, խորխարտադրությունն ու արյունախխումը, կանանց քաղցկեղների դեպքում, բնականաբար, այլ գանգատներ են։ Բայց պետք է հիշենք, որ եթե գանգատ կա, մեծամասամբ նշանակում է, որ քաղցկեղն արդեն բարձր փուլում է, առաջին կամ երկրորդ փուլում չէ։ Միաժամանակ՝ մարդը կարող է գանգատներ ունենալ, բայց պատճառը լինեն մետաստազները։ Օրինակ, երբ գլխուղեղում մետաստազներ են առաջանում, գլուխը սկսում է ցավել, բայց մարդու մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ։
2024 թվականի տվյալներով, ՀՀ-ում քաղցկեղով հաշվառված 70 961 բուժառու է եղել։ Ու չնայած 2024 թվականին նոր հայտնաբերված դեպքերի գրեթե կեսը՝ 48,4 տոկոսը, հայտնաբերվել է հիվանդության զարգացման 1-2-րդ՝ վաղ փուլում, ինչը մեծացնում է քաղցկեղի բուժման հավանականությունը, Հայաստանում ընդհանուր մահերի պատճառների մեջ քաղցկեղը երկրորդ տեղում է։ Պետք է հիշել, որ քաղցկեղի դեմ պայքարի առաջին քայլը ժամանակին հետազոտվելն է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter