ՔԿ․ Գումարով մարդկանց են ներգրավել Կարապետյանի հանրահավաքին՝ 1 անձի գործն ուղարկվել է դատարան

ՔԿ․ Գումարով մարդկանց են ներգրավել Կարապետյանի հանրահավաքին՝ 1 անձի գործն ուղարկվել է դատարան

11 մարտի 2026 – 11:29 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի (գործարար Սամվել Կարապետյանի՝ խմբ․) 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը:

Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթն արդեն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ փոխանցվել հսկող դատախազին, իսկ գործով անցնող մեկ այլ անձ գտնվում է հետախուզման մեջ, հայտնում է Քննչական կոմիտեն:

«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10, 000 ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10,000 ՀՀ դրամ:

Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտնի գործարար, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Քաղաքական նոր ուժը հիմնադրվել է «Մեր ձևով» շարժման հիման վրա: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment