Չավին բացահայտել է Մեսսիի՝ «Բարսելոնա» չվերադառնալու պատճառը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը հայտարարել է, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան է խափանել հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական թիմ 2023 թվականին։

Չավիին հարցրել են, թե արդյոք Մեսսին կարող էր վերադառնալ «Բարսելոնա», երբ նա էր գլխավորում թիմը:

«Այստեղ Լապորտան ամբողջ ճշմարտությունը չի ասում։ Մենք գործնականում համաձայնեցրել էինք պայմանագիրը Լեոյի հետ։ 2023 թվականի հունվարին՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո, մենք կապվեցինք նրա հետ, և նա ինձ ասաց, որ ցանկանում է վերադառնալ։ Ես նրան տեսնում էի թիմում։

Մենք շփվում էինք մինչև մարտ, և ես նրան ասացի. «Լավ, երբ դու ինձ համաձայնություն տաս, ես կտեղեկացնեմ նախագահին, քանի որ ես քեզ տեսնում եմ կազմում»։

Նախագահը սկսեց պայմանագրի շուրջ բանակցել Լեոյի հոր հետ, և մենք «կանաչ լույս» ստացանք Լա Լիգայից, սակայն նախագահն ամեն ինչ տապալեց։

Լապորտան բառացիորեն ասաց ինձ, որ եթե Լեոն վերադառնա, ինքը ստիպված է լինելու պատերազմել նրա հետ, իսկ նա չի կարող իրեն դա թույլ տալ։

Հետո Մեսսին հանկարծ դադարեց պատասխանել իմ զանգերին, քանի որ մյուս կողմից նրան հայտնել էին, որ տեղափոխություն չի լինելու։

Ես զանգահարեցի նրա հորն ու ասացի. «Սա անհնար է, Խորխե», իսկ նա պատասխանեց. «Խոսիր նախագահի հետ»»,- Չավիի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ն։

Leave a Comment