Ակնարկն, ինչպես նման դեպքերում են ասում՝ բավական թափանցիկ է, եթե պաշտպանության նախարարի չորս տեղակալներ մեղադրվում են պետական գումարների յուրացման մեջ, ապա խոսքն արդեն ոչ թե մասնավոր, այլ՝ ՌԴ ամենապատասխանատու նախարարություններից մեկում համակարգային հանցավորության մասին է: Սերգեյ Շոյգուն, մինչդեռ, շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ազդեցիկ դեմքերից մեկը՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ռուսաստանի պաշտոնական լրատվամիջոցները հայտնել են, որ «Ցալիկովը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, բայց քննչական մարմինների հետ համագործակցելուն պատրաստ է, որպեսզի բացահայտվեն գործի հետ կապված հանգամանքները»: Պաշտպանության առաջին փոխանախարարի պաշտոնը թողնելուց հետո Ցալիկովը Տուվայի հանրապետությունում ընտրվել է տեղական խորհրդարանի պատգամավոր, ծրագրված էր, որ նա պետք է այդ հանրապետությունից ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ նշանակվի: Որոշ աղբյուրներ հայտնել են, որ Տուվայի գործադիր իշխանության մարմինները Ցալիկովին «չեն երաշխավորել»:
Բարձրաստիճան նախկին զինվորականի ձերբակալությունը և նրան ծանր հանցանքներում մեղադրանք ներկայացնելը, ամենայն հավանականությամբ, չէր կարող տեղի ունենալ առանց Կրեմլի համաձայնության: Նրան տնային կալանքի ենթարկելու մասին Բասմանյան դատարանի որոշումն, անկասկած, քաղաքական է: Ռուսաստանում կալանքի և տևական ազատազրկման են ենթարկվում նույնիսկ անչափահասները, և ոչ ոք նրանց և մյուսների առողջական խնդիրների հետ հաշվի չի նստում:
Ստացվում է, որ Ցալիկովը կարող է որոշակի ժամկետով տնային կալանքի ենթարկվել, քանի որ դատարանը չի կարող նրան ազատազրկման դատապարտել, քանի դեռ առկա է առողջական վիճակի հանգամանքը: Փաստացի մի կողմից իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե Ռուսաստանում «բոլորն օրենքի առաջ հավասար» են, բայց մյուս կողմից գործի են դնում «փրկօղակներ»: Ցալիկովը, գուցե, կզրկվի մի քանի շքեղ ունեցվածքից, բայց հրապարակային դատավարություն չի կայանա:
Սերգեյ Շոյգուն եղել և շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անձ, և քրեական ոչ մի գործ, հաստատ, նրան չի հասնի: Որքան էլ արտառոց չհնչի, Ցալիկովը կաշառք է ստացել պաշտպանության նախարարության համար հետազոտական աշխատանքներ իրականացնող հաստատությունց: Խոսքն, ամենայն հավանականությամբ, սպառազինությունների ոլորտում աշխատող գիտա-փորձարարական կառույցի մասին է: Ըստ քրեական գործի նյութերի, նա կաշառք ստացել է 2019-2020 թվականներին: