«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները մարտի 10-ին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ և գերատեսչությանը փոխանցել փաստաթղթեր ու արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, վկայում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր առաջխաղացման և դիրքերի կառուցմանը։
«Միասնության թևերը» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից պահանջում է պատասխանել, թե ինչու են իշխանությունները թաքցրել այդ տեղեկատվությունը հանրությունից և ինչու է նախարարը ԱԺ-ում հերքել Արման Թաթոյանի հայտարարությունները՝ դրանք որակելով սուտ։
Նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը նշել է, որ իրենք ունեն հստակ փաստեր, հետազոտությունների արդյունքներ, որոնք փաստում են ադրբեջանական առաջխաղացման մասին: «Մենք ունենք արբանյակային լուսանկարներ, որտեղ շատ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները», – հավելել է նա։
Պարոնյանը նշել է, որ խոսքը վերաբերում է 2025 թվականի օգոստոսին Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանական կողմի կողմից նոր դիրքերի կառուցմանը: «2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային: Միջպետական ճանապարհը և այդ գյուղերից միջպետական ճանապարհ տանող ամբողջ հատվածը ևս գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ: Սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում»,- ընդգծել է նախաձեռնության անդամը:
Նախաձեռնության անդամը պնդել է, որ նոր դիրքի տեղակայման և ամրապնդման արդյունքում Սոթքի հանքավայրն ամբողջությամբ հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո։ Նրա գնահատմամբ, այս դիրքերը կարող են օգտագործվել հետագա հնարավոր լայնամասշտաբ ներխուժման համար:
Թաթոյանը մարտի 4-ին հրատապ ասուլիս էր հրավիրել և հայտարարել, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել: Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հենակետեր՝ հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զինատեսակների համար:
Նույն օրը Պապիկյանը, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, կտրականապես հերքել էր Թաթոյանի պնդումները՝ դրանք որակելով սուտ։
