Մանկան համեմատաբար ծանր գլուխը և այն պահող ոչ հասուն ողնաշարը խոցելի են և ենթակա ավելի հեշտ վնասման։ Այս առանձնահատկության իմացությունը կարևորագույն գործոն է վաղ տարիքի երեխաներին մեքենա նստեցնելիս: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
CAR SEAT-ը՝ երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են:
Ինչպե՞ս անվտանգ դարձնել երեխայի երթևեկությունը
Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը պարտադիր պահանջ է և կախված է երեխայի տարիքից, հասակից ու զարգացման առանձնահատկություններից: Կիրառե’ք մեքենայի համար նախատեսված մանկական նստատեղը նորածնի կյանքի առաջին իսկ օրից:
մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով
7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի (Booster seats), անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Օրինակ ծառայե՛ք երեխայի համար և միշտ կապե՛ք ձեր ամրագոտին։ Սա լավագույն մոտեցումն է, որպեսզի նրա մոտ մանկուց ձևավորվի ամրագոտի կապելու մշակույթն ու սովորությունը։