Սերժ Սարգսյանի եղբայրներին մեղադրանք է առաջադրվել․ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում կա

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք են առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու այլ անձինք։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, Հակակոռուպցիոն դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ նա 2001- 2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։

Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 1997-2011 թվականներին Վլադիմիր Գասպարյանը Զինվորական ոստիկանության վարչության պետի, հետագայում էլ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում մի քանի զինածառայողի թույլ է տվել իրենց պարտականությունները կատարելու փոխարեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ վարորդ աշխատել, իսկ երկու այլ զինծառայողներ էլ եղել են նախկին նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահները։ Իրավապահների գնահատմամբ, այս ապօրինի ծառայությունների դիմաց վերջիններս պետբյուջեից ընդհանուր առմամբ ստացել են 54 մլն դրամ աշխատավարձ։ Այս գործով մեղադրանքը Գասպարյանը չի ընդունում:

Այս գործով պետությանը պատճառված վնասից 54 միլիոնը տարիներ առաջ վերականգնել է Ալեքսանդր Սարգսյանը:

Leave a Comment