ՀԱԵ ներկայացուցիչը բացարկ է ներկայացրել դատավորին․ Պատկերացնու՞մ եք՝ այդ մարդիկ հիմա ինչ-որ մարդկանց մկրտեն

ՀԱԵ ներկայացուցիչը բացարկ է ներկայացրել դատավորին․ Պատկերացնու՞մ եք՝ այդ մարդիկ հիմա ինչ-որ մարդկանց մկրտեն

10 մարտի 2026 – 14:37 AMT

PanARMENIAN.Net – Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սիմա Աբովյանի նախագահությամբ, կայացել է կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանն ընդդեմ ՀԱԵ գործով դատական նիստը։

Դատական նիստում ՀԱԵ ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը բարձրացրել է դատավոր Սիմա Աբովյանի բացարկի հարցը և միջնորդել է վերացնել կիրառված հայցի ապահովումը, հայտնում է «Փաստինֆոն»:

Դատարանը նաև պահանջել է եկեղեցուց ներկայացնել այն ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1042 հայրապետական տնօրինության համար, որով Տեր Արամ քահանա Ասատրյանը ազատվել է պաշտոնից։

Զոհրաբյանը նշել է, որ նախկին քահանայի կարգալույծ ճանաչվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է նրա մատուցած պատարագին, իսկ ավելի ուշ Հովհաննավանքում անցկացված արարողությանը մասնակցել է նաև անձամբ։ Նա նաև նշել է, որ այդ օրը ոստիկանությունը թույլ չի տվել Արագածոտնի թեմի ներկայացուցիչների մուտքը վանք։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը օրենքի խախտմամբ է վարույթ ընդունել հայցը և կիրառել հայցի ապահովման միջոց, քանի որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Նրա գնահատմամբ՝ դատարանը ներխուժել է հոգևոր տիրույթ և իրեն վերագրել է այնպիսի լիազորություններ, որոնք կարող են պատկանել միայն Ամենայն Հայոց kաթողիկոսին։

«Դուք աշխարհիկ անձանց օժտել եք այնպիսի լիազորություններով, որով կարող է օժտել միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, պատկերացնու՞մ եք՝ այդ մարդիկ հիմա ինչ-որ մարդկանց մկրտեն, սուրբ մյուռոնի դիպչեն, ինչի իրավունքը չունեն։ Հոգևոր դաշտում հավասարեցված է սրբապղծության, որովհետև այդ անձանց գործողություններն արդեն պղծություն է, Ձեր որոշմամբ Դուք հիմք եք ստեղծել, որ պղծություն լինի, մարդիկ Ձեր որոշման հիման վրա գնալու են առնչվեն այդ ամենին, իրենք էլ մտնեն սրբապղծության մեջ։ Բացի այդ՝ Դուք հոգևորականներին ստիպում եք, որ իրենք ընդունեն իրենց որպես հոգևոր քահանա, մինչդեռ, կարգալույծի հետ աղոթակից լինելը ևս կարգալուծության հիմք է»,- նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի դատավորը ենթարկվի քրեական պատասխանատվության։

Դատարանը հայտարարել է, որ դատական ակտը կհրապարակվի մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը նշել է, որ նման գործերով դատավորները գտնվում են ճնշումների ներքո։ Նա կրկին ընդգծել է, որ դատարանը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին հարցերին, քանի որ դա օրենքով արգելված է։

Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ քահանաները կանգնել են բարդ ընտրության առաջ․ եթե ենթարկվեն դատարանի որոշմանը, կարող են հակասել եկեղեցական կանոններին, իսկ եթե հետևեն եկեղեցու կանոններին, կարող են դիտվել որպես իրավախախտներ։

Ստեփան Ասատրյանը հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ Վեհափառ hայրապետի տնօրինությունը։ Դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել հայցը, այլև մասնակի բավարարել է հայցի ապահովման միջնորդությունը՝ պարտավորեցնելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ eկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում մինչև գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Leave a Comment