Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 1-ին ուժի մեջ կմտնի Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից համապատասխան որոշմամբ հաստատված և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների փոփոխությունները։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է Ավտոապահովագրողների բյուրոյից։
Կանոններում կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը՝
- գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 2 500 000 ՀՀ դրամ,
- անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 3 500 000 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ, գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն՝ համապատասխանաբար սահմանելով 25 000 000 և 35 000 000 ՀՀ դրամ։
Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը։
Կանոնների փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։