Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել փաստաբանի խուզարկության դեպքի առթիվ

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել, անդրադառնալով օրերս փաստաբան Աննա Ծառուկյանի կողմից արված հայտարարությանը։ Փաստաբանը հայտնել էր, որ «ՔԿՀ-ներում կրկին գլուխ է բարձրացրել անթույլատրելի և արատավոր մի երևույթ։ Փաստաբաններին ոչ թե պարզապես զննում են, այլ փաստացի խուզարկում, ինչը օրենքով նախատեսված ընթացակարգ չէ և կոպտորեն խախտում է փաստաբանի գործունեության երաշխիքները»։

Ի պատասխան Քրեակատարողական ծառայությունը հայտարարության մեջ նշում է,-

«Հարգելի՛ փաստաբաններ,

Անդրադառնալով փաստաբան Աննա Ծառուկյանի՝ իրեն խուզարկության ենթարկելու հայտարարությանը՝ Քրեակատարողական ծառայությունն ապավինում է բարեխիղճ և փաստաբանական էթիկայի սկզբունքներին հավատարիմ փաստաբանների ըմբռնմանը և հավաստիացնում, որ իրավական ակտերով սահմանված գործընթացը (ՀՀ կառավարության՝ 13․04․2023թ․ N 543-Ն որոշման հավելվածով, ՔԿՀ մուտք գործող յուրաքանչյուր անձի զննությունը պարտադիր պահանջ է առանց բացառության) իրականացվում է բացառապես հանցավորության դեմ պայքարի և քրեակատարողական հիմնարկների ներքին անվտանգության ապահովման նպատակով։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ փաստաբան Աննա Ծառուկյանը սույն թվականի մարտի 6-ին՝ ժամը 19։35-ին, այցելել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։

Հարկ է նշել, որ վերջինիս նկատմամբ իրականացվել է զննություն և ոչ թե խուզարկություն․ այն է՝ ծառայողները զննության նպատակով փաստաբանին առաջարկել են ցույց տալ իր գրպանների պարունակությունը, ինչպես նաև ձեռքին առկա իրերը։

Հայաստանի Հանարպետության արդարադատության նախարարի՝ 21․11․2011թ․ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N194-Ն հրամանով հաստատված հավելվածի 49-52-րդ կետերի համաձայն՝ անձնական խուզարկությունները լինում են ամբողջական և մասնակի։ Մասնակի խուզարկության դեպքում անձը չի մերկացվում, նրա հագուստը, կոշիկները շոշափվում և զննվում են արտաքնապես, անհրաժեշտության դեպքում կոշիկները կարող են հանվել` զննման նպատակով։ Ամբողջական խուզարկության դեպքում անձին ծառայողներն առաջարկում են ամբողջությամբ հանել հագուստը և այլն։

Աննա Ծառուկյանի հագուստը և անձնական իրերը չեն շոշափվել, ինչը փաստում է, որ վերջինս ենթարկվել է ոչ թե խուզարկության, այլ զննության»։

Ավելի ուշ փաստաբան Աննա Ծառուկյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով տրված պարզաբանմանը նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը քանի որ դեպքը որի մասին ես հանրայնացրել եմ տեղի չի ունեցել Վանաձոր ՔԿՀ_ում։

Leave a Comment