Այն Իրանը, որը կա այսօր, ԱՄՆ-ի համար ակնհայտ սպառնալիք չէ. Մելքոն

Այն Իրանը, որը կա այսօր, ԱՄՆ-ի համար ակնհայտ սպառնալիք չէ. Մելքոն

Իրանի դեմ պատերազմն ընթանում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ պատերազմը կարող է տևել շուրջ 4 շաբաթ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։ Ըստ Ձեզ՝ որքա՞ն կարող է այն տևել։

-Որպեսզի ճիշտ պատասխանենք այն հարցին, թե որքան երկար կտևի պատերազմը և ինչպես կարող է ավարտվել, նախ պիտի հասկանանք երկու կողմերի նպատակները։ Հիմա տեսնում ենք, որ ԱՄՆ-ի կողմից մոտեցումները կամաց-կամաց փոխվում են։ Ի սկզբանե հայտարարվում էր, որ նպատակը ռեժիմը տապալելն է։ Հետո տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ուզում են ապառազմականացնել (դեմիլիտարիզացնել) երկիրը և դիմել այլ՝ ավելի կոնկրետ քայլերի։ Եվ նույնիսկ մասամբ նպատակներին հասնելով՝ ԱՄՆ-ն պատերազմից դուրս չի գալիս, և տարբեր քննարկումներ են գնում ինչ-որ ցամաքային օպերացիաների մասին։

Միևնույն ժամանակ, Իսրայելի նպատակը ոչ միայն ռեժիմը տապալելն է, այլև ընդհանուր Իրանը թուլացնելը։ Իսրայելն առաջնորդվում է իր պլանով, քանի որ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վերջին հարվածները հենց դրա մասին էին վկայում։ Ականատես եղանք նաև, որ թե՛ Նեթանյահուին, թե՛ ԱՄՆ որոշ պաշտոնյաների չհաջողվեց իրենց կոչերով մարդկանց հորդորել դուրս գալ փողոց և իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Հետևաբար, կարող ենք ասել, որ նպատակը պառակտելն ու մասնատելն էր։ Իրանում այժմ փաստացի իշխանության տրանզիտ (փոխանցում) է տեղի ունեցել, և երկրի համար դժվար փուլ է։ Դժվար է ասել՝ ինչ է սպասվում։

-Իրանում նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել Ալի Խամենեիի որդին։ Տեղի ունեցածն ինչպե՞ս կանդրադառնա հակամարտության հետագա ընթացքի վրա։

-Իրականում նրա մասին շատ քիչ տեղեկություն կա, բայց հաշվի առնելով, որ Փորձագետների խորհրդի համար նա կոնսենսուսային անձ է, ինչը շատ կարևոր է։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ դժվար թե այդ ընտրությունը լիներ առանց Սեպահի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս)։ Նա դեռ այնքան մեծ կշիռ չունի, որքան նախորդ առաջնորդը։ Նրա հետ դեռ շատ աշխատանքներ կան կատարելու, բայց հաշվի առնելով, թե նա ում որդին է՝ հավանական է, որ կընտրի կոշտ ճանապարհ։

-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «միասնական» և կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։ Թրամփի խոսքերը կարո՞ղ ենք իրականությանը համապատասխան համարել։

-Անշուշտ, որովհետև Թրամփը փորձում է պատասխանատվությունը կիսել իր և Նեթանյահուի միջև։ Այն Իրանը, որը կա այսօր, ԱՄՆ-ի համար ակնհայտ սպառնալիք չէ։ Չեմ խոսում ռազմաբազաների մասին, որոնք շատ մոտ են գտնվում, բայց բուն ԱՄՆ-ի համար դրանք ընդհանրապես սպառնալիք չեն։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment