Իսրայելը Լիբանանի բնակելի տների վրա արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել․ Human Rights Watch

Իսրայելը Լիբանանում բնակելի շենքերի վրա կիրառել է սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։

Կազմակերպության տվյալներով՝ հաստատվել և տեղորոշվել են առնվազն յոթ լուսանկար, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են սպիտակ ֆոսֆոր պարունակող օդային պայթուցիկներ կիրառվում բնակելի թաղամասում։ Նյութերում երևում է նաև, թե ինչպես են քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները արձագանքում հրդեհներին՝ առնվազն երկու տան և մեկ ավտոմեքենայի վրա։

Սպիտակ ֆոսֆորը բարձր ջերմաստիճան ունեցող քիմիական նյութ է, որը կարող է այրել շենքերը և մարդու մարմինը մինչև ոսկորները։ Նույնիսկ փոքր այրվածքների դեպքում տուժածները կարող են բախվել վարակների, օրգանների անբավարարության կամ շնչառական խնդիրների։

Human Rights Watch-ի Լիբանանի հարցերով հետազոտող Ռամզի Քայսի նշել է․
«Բնակելի տարածքների վրա Իսրայելի բանակի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառումը չափազանց մտահոգիչ է և կարող է ծանր հետևանքներ ունենալ քաղաքացիական բնակչության համար։ Սպիտակ ֆոսֆորի այրող ազդեցությունը կարող է հանգեցնել մահվան կամ ծանր վնասվածքների, որոնք մարդկանց ստիպում են ամբողջ կյանքում ապրել տառապանքով»։

Leave a Comment