9 մարտի 2026 – 13:15 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 9-ի առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով մուտքն ու ելքը՝ բեռների տեղափոխման համար բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար։ Այդ մասին հայտնել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, գրում է APA-ն:
Ադրբեջանի ախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի թիվ 66 որոշմամբ Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռների փոխադրման նպատակով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումների համար, դադարեցվել էին իրանական կողմից Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ով հարվածներից հետո։
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) մարտի 9-ից վերսկսել են Բաքու և Նախիջևան քաղաքների միջև իրականացվող ուղիղ ավիաչվերթները։Այդ մասին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից։
2026 թվականի մարտի 10-ից Նախիջևանի ուղղությամբ թռիչքները կկատարվեն կանոնավոր ռեժիմով։
«AZAL-ը շարունակում է ուշադիր հետևել ընթացիկ իրավիճակին և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ուղևորները արագորեն կտեղեկացվեն ժամանակացույցում ցանկացած փոփոխության մասին»,-նշվել է AZAL-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանն ԱԹՍ-ներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Եվս մի քանի անօդաչու թռչող սարքեր ընկել են այլ տարածքներում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱԹՍ-ներից մեկն ընկել է դպրոցի հարևանությամբ: Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, հանձնվել է բողոքի նոտա: