Պարսից ծոցի ամենամեծ ավիաընկերությունը՝ Emirates-ը, վերսկսում է լիարժեք չվերթերը, չնայած Դուբայի օդանավակայանի կենտրոնը Իրանի հարձակման թիրախ է դարձել, գրում է Independent-ը։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ ուշադիր կհետևի իրավիճակին։
Մինչ Emirates-ը ավելացնում է Դուբայից և դեպի Դուբայ չվերթերը, Virgin Atlantic-ը դադարեցնում է չվերթերը։ Virgin Atlantic-ը նախատեսում է ևս մեկ չվերթ դեպի Դուբայ և մեկ հետադարձ չվերթ, որից հետո կդադարեցնի այս երթուղով գործունեությունը մինչև պատերազմի ավարտը։
Qatar Airways-ը նախատեսում է վեց ուղևորատար չվերթ դեպի Դոհայի կենտրոն երկուշաբթի՝ մարտի 9-ին։
Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ մարտի 7-ին իրանական անօդաչու թռչող սարք էր վթարի ենթարկվել, ինչի հետևանքով օդանավակայանը դադարեցրել էր գործունեությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մարտի 7-ի առավոտյան դրությամբ Աբու Դաբիում գտնվող Հայաստանի դեսպանատանը գրանցվել են ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացիներ։ 37 քաղաքացի գրանցվել էր մարտի 8-ին Օման տեղափոխվելու համար։ Նրանցից մոտ 30 ՀՀ քաղաքացի Դուբայից FlyDubai-ի չվերթով թռել է Երևան։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի օդային տարածքը դարձել է ոչ անվտանգ: Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը խորհուրդ է տվե; ավիագործակալներին խուսափել Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքներից:
