Մոջթաբա Խամենեիի` Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Թեհրանը ցույց տվեց, որ նույնիսկ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ազդել Իրանի առաջնորդի ընտրության վրա, տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ փորձագետի՝ առաջին հերթին սրանով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը: Բացի այդ, ինչպես նշել է Ոսկանյանը, նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ առնչություն ունեցող անձ:
«Պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն»,- նշել է փորձագետը:
Ոսկանյանը հատկապես կարևորում է այն ուղերձը, որ այս ընտրությամբ Իրանը ցույց է տալիս՝ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն:
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը։ Այժմ Իսլամական Հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր ղեկավար խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլյամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին:
Գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն հենց զոհված Խամենեիի որդին էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ էր արտահայտվել Խամենեիի որդու թեկնածությանը:
