Արտերկրում մնացած քաղաքացիների աշխատանքային իրավունքները չեն կարող խախտվել․ նախարարության պարզաբանումը

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող քաղաքացիների աշխատանքային իրավունքները չեն կարող խախտվել, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նշվում է, որ աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով, այդ թվում՝ ֆորսմաժորային իրավիճակներով պայմանավորված բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա աշխատանքային իրավունքների սահմանափակման կամ խախտման համար։

Գործատուներին կոչ է արվում հարգելի համարել աշխատողների բացակայությունը, եթե այն պայմանավորված է նրանցից չկախված հանգամանքներով։ Միաժամանակ առաջարկվում է դիտարկել արձակուրդի երկարացման կամ հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը։

Հաղորդագրության համաձայն՝ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով բարձրացված հարցերը քննարկվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ։ Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Leave a Comment