ԱՄՆ-Իրան հակամարտության ֆոնին աճում է Թուրքիայի հասարակության դժգոհությունն Ադրբեջանի իսրայելամետ դիրքորոշման նկատմամբ, գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Քննադատության են ենթարկվում ինչպես Ադրբեջանի իշխանությունները, այնպես էլ նախագահ Իլհամ Ալիևը։ Թիրախավորմանը մասնակցում են անգամ կառավարամետ թուրքական լրատվամիջոցները։ Ըստ Գեղամյանի՝ սոցիալական ցանցերում նույնպես քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների բացասական վերաբերմունքը թուրքական ընկերությունների նկատմամբ։
Գեղամյանը մատնանշել է այն հայտարարությունները, որ Բաքվի քաղաքականությունը պետք է որոշվի Անկարայում, այլ ոչ թե Թել Ավիվում։ Միևնույն ժամանակ, Թուրքիան և Ադրբեջանը մնում են ռազմավարական գործընկերներ։
Այլ փորձագետներ նույնպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական հռետորաբանության աճի մասին: «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ադրբեջանական տարածքում իրանական հնարավոր դիվերսիայի մասին մեղադրանքները կարող են լինել Իրանի հյուսիսային սահմանների շուրջ լարվածությունը սրելու փորձ։
«Հիմա էլ Բաքվում պնդում են, որ Իրանը փորձել է ահաբեկչություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Բաքու-Ջեյհան նավթամուղը պայթեցնել:
Ակնհայտորեն փորձ է կատարվում Իրանի հյուսիսում Ադրբեջանով լարվածություն բորբոքել, իսկ թե սցենարով դա ի՞նչ վերջնակետի կհասնի` դեռ պարզ չէ»,- գրել է Աբրահամյանը:
Պատգամավորը նշել է, որ Նախիջևանի ԱԹՍ հարձակումների ֆոնին՝ Երևանից Բաքու շնչակտուր զանգ անողներն ու մտահոգվողները շուտ են մոռացել ընդամենը մի քանի տարի առաջ Արցախն ու Հայաստանը խոցող ադրբեջանական ԱԹՍ-ների, արկերի և հրթիռների մասին:
Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին դադարեցնել բեռնատարների երթևեկությունն Իրանի սահմանին և 12 ժամով փակել էին օդային տարածքի մի մասը։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։
