Մակրոնը դատապարտել է Լիբանանի հարավում խաղաղապահների վրա հարձակումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հրթիռային հարձակումը՝ առանց նշելու, թե ով է իրականացրել հարձակումը:

«Լիբանանում ՄԱԿ-ի ուժերը կարևոր դեր են խաղում Հարավային Լիբանանում իրավիճակի կայունացման գործում, և ես խստորեն դատապարտում եմ այսօր զորքերի դեմ իրականացված հարձակումը՝ այն համարելով անընդունելի», — X-ի իր էջում արաբերենով գրել է Մակրոնը։

Գրառումը նա արել է Լիբանանի և Սիրիայի նախագահների հետ հեռախոսազրույցներից հետո:

Հարավային Լիբանանում ծառայող գանացի խաղաղապահները հայտնել են, որ ուրբաթ օրը երկու հրթիռ է ընկել իրենց գումարտակի շտաբում։ Հարձակման հետևանքով երկու զինվոր ծանր վիրավորվել է, իսկ սպայական շենքն ամբողջությամբ այրվել է։

Խաղաղապահ զորքերի հրամանատարությունը խոստացել է հետաքննել միջադեպի հանգամանքները:

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է Իսրայելը:

Leave a Comment