Փաստաբանների պալատը Ռուբեն Հակոբյանի ձերբակալման լուրից հետո հայտնել է նրա պաշտպանությունն ստանձնելու մասին

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է, տեղեկանում ենք Փաստաբանների պալատի հրապարակած հաղորդագրությունից։

Պալատից հայտնել են, որ անմիջական կապի մեջ են Հակոբյանի պաշտպանական խմբի հետ և քննարկում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված հետագա քայլերը։

Կառույցից նշել են, որ Հակոբյանի պաշտպանությունը կարգավորվում է Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն (պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում)։

Factor-ի տեղեկություններով՝ փաստաբանին ձերբակալել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով, որը կապված է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի հետ։ Խոսքը վերաբերում է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքին։

Հակակոռուպցիոն կոմիտեն Armenia Today-ին չմեկնաբանեց փաստաբանի ձերբակալության մասին լուրը։ Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ «դեռևս մեկնաբանություն չունեն»։

Նշենք, որ Հակոբյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության  վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ալանյանի փաստաբանն է։

Leave a Comment