Իրանի դեմ պատերազմի առաջին շաբաթն ԱՄՆ-ի համար արժեցել է 3,7 միլիարդ դոլար. CSIS

Ամերիկյան ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) փորձագետները հաշվարկել են, որ Իրանի դեմ պատերազմի առաջին 100 ժամն ԱՄՆ-ի համար արժեցել է 3,7 միլիարդ դոլար կամ օրական 891,4 միլիոն դոլար, հաղորդում է Rg.ru-ն։

Ըստ հետազոտության՝ ամերիկյան բյուջեում այդ նպատակով նախատեսված է ընդամենը 200 միլիոն դոլար, ուստի 3,5 միլիարդ դոլարը, հավանաբար, կպահանջի ԱՄՆ պաշտպանության նախարարության լրացուցիչ ֆինանսավորում՝ կա՛մ նոր հատկացումների, կա՛մ բյուջետային համաձայնեցման այլ օրինագծի շրջանակներում:

Փորձագետները գնահատել են ռազմական ծախսերի երեք հիմնական կատեգորիա՝ շահագործում և տեխնիկական սպասարկում, զինամթերքի ծախս, ինչպես նաև հակառակորդի կողմից ոչնչացման հետևանքով սպառազինության և ենթակառուցվածքների կորուստ (ներառյալ՝ ժամանակավորը): Այսպես, շահագործման ծախսերը գնահատվել են ավելի քան 196 միլիոն դոլար, զինամթերքի ծախսը կազմել է 3,1 միլիարդ դոլար, կորուստները գնահատվել են 359 միլիոն դոլար:

CSIS-ը նշում է, որ ամերիկյան հարձակումների տեմպերը, հավանաբար, աստիճանաբար կնվազեն: Բացի այդ, ԱՄՆ-ն, ակնկալվում է, կանցնի ավելի էժան զինամթերքի, իսկ ապագա ծախսերը «հիմնականում կախված կլինեն գործողությունների ինտենսիվությունից և Իրանի պատասխան գործողություններից»:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները:

Leave a Comment