Հնդկաստանում կայացած Seaside Startup Summit-ի մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները՝ թվով 104 ՀՀ քաղաքացի մարտի 5-ին Գոայից ուղևորվել են Երևան․ ԱԳՆ

Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան

Հնդկաստանում կայացած Seaside Startup Summit-ի մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները՝ թվով 104 ՀՀ քաղաքացի մարտի 5-ին Գոայից ուղևորվել են Երևան․ ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վերջին օրերին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը (համատեղության կարգով նաև՝ Շրի Լանկա, Բանգլադեշ և Նեպալ) իր գործառույթներն իրականացրել է արտակարգ ռեժիմով, հայտնում են ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


«Կապ է պահպանվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված չվերթների չեղարկման հետևանքով հավատարմագրման երկրներում մնացած՝ հիմնականում զբոսաշրջային նպատակներով Հնդկաստանում և Շրի Լանկայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, հավաքագրվել են անհրաժեշտ տեղեկություններ և դիտարկվել են նրանց՝ ՀՀ վերադարձի հնարավորությունները»․ – նշել է Բադալյանը։ 


Խոսնաը հայտնել է, որ դեսպանության կողմից հետևողականություն է ցուցաբերվել համապատասխան թռիչքի թույլտվության ստացման անհրաժեշտ աշխատանքներում, այդ թվում՝ Հնդկաստանի ավիացիայի նախարարության և ԱԳՆ հետ փոխգործակցությամբ: 


«Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի հերթական միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, մարտի 5-ի ուշ երեկոյան Գոայից ուղևորվել են Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում։ Այս պահի դրությամբ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6 քաղաքացի, ովքեր այնտեղ են գտնվում հիմնականում զբոսաշրջային կամ գործարար նպատակներով։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ, հրատապ մեկնելու ցանկության դեպքում առաջարկվել է դիտարկել տարբեր գործող ուղղություններ», – նշել է Բադալյանը։


Նա տեղեկացրել է, որ Նյու Դելիում դեսպանության հետ կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի, ում ներկայացվել են այդ պահի դրությամբ առկա տարբերակները։


Leave a Comment