Կանադական «Վանկուվերի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարծում է, որ Լիոնել Մեսսին ի զորու է ևս մեկ անգամ հաջողության հասցնել Արգենտինայի հավաքականին աշխարհի առաջնությունում։
Հիշեցնենք, որ 2022 թվականին արգենտինացիները մունդիալի ոսկե մեդալները նվաճեցին մեծամասամբ հենց Մեսսիի արդյունավետ խաղի շնորհիվ։ Առաջիկա մրցաշարի ընթացքում «Ինտեր Մայամիի» հարձակվողը կդառնա 39 տարեկան։
«Արգենտինային միշտ պետք է հաղթանակի հավակնորդ համարել, քանի դեռ Մեսսին շարքում է։ 2022 թվականին նա իդեալական կերպով էր բաշխում իր ռեսուրսները. խնայում էր ուժերը, երբ դրա հնարավորությունը կար, և փայլում էր վճռորոշ պահերին։ Նրա բացակայությունն արմատապես կփոխի ուժերի դասավորությունը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Inter Miami News Hub պարբերականը։