ՌԴ-ում դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4․5 տարվա ազատազրկման

ՌԴ-ում դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4․5 տարվա ազատազրկման

5 մարտի 2026 – 17:45 AMT

PanARMENIAN.Net – Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամսվա ազատազրկման՝ «նացիզմի արդարացման գործով»։

Դատարանը նաև արգելել է Մարգարյանին չորս տարի զբաղվել ինտերնետային կայքերի կառավարմամբ։ Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, գրում է Sputnik Արմենիան ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Գործը քննվել է հատուկ կարգով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը։ Այս դեպքում դատարանը չի ուսումնասիրել գործով ապացույցները, այլ հաշվի է առել խոստովանությունը և մեղմացնող հանգամանքները։

Դատավարության ընթացքում դատարանն ուսումնասիրել է ամբաստանյալի անձը բնութագրող նյութերը։ Նշվել է, որ Մարգարյանը ամուսնացած է և ունի երկու փոքրահասակ դուստր, որոնցից մեկը ծնվել է մարտի սկզբին։ Բլոգերը դատարանին խնդրել է հաշվի առնել, որ ինքն է ընտանիքի՝ կնոջ, երեխաների, ինչպես նաև մոր և տատի հիմնական կերակրողը։

Գործի նյութերում առկա են եղել նաև բարեգործական կազմակերպությունների շնորհակալագրեր՝ որբերին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ռազմական հատուկ գործողության մասնակիցներին և մարտական գործողություններից տուժածներին օգնելու համար։

«Մեղքն ամբողջությամբ ընդունում եմ։ Կցանկանայի ներողություն խնդրել յուրաքանչյուրից, ում զգացմունքները վիրավորվել են։ Ես հասկանում եմ, թե ինչու եմ այդ ժամանակն անցկացրել մեկուսարանում։ Ուզում եմ լինել հասարակության լիարժեք և օգտակար անդամ։ Ներողամտություն եմ հայցում, այս դատավճիռը կարող է կործանել իմ երեխաների կյանքը», – դատարանում հայտարարել է Մարգարյանը։

Դատախազությունը միջնորդել է բլոգերին նշանակել 6 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում՝ նշելով, որ նրա ուղղումը հնարավոր է միայն հասարակությունից մեկուսացման պայմաններում, քանի որ կատարված հանցագործությունը վտանգ է ներկայացրել հասարակության համար։

Պաշտպանական կողմը, իր հերթին, դատարանին խնդրել է սահմանափակվել տուգանքով կամ պայմանական ժամկետով։ Փաստաբանը նաև նշել է, որ համացանցից օգտվելու արգելքը կարող է Մարգարյանին և նրա ընտանիքին զրկել եկամտի աղբյուրից։

Քննության տվյալներով՝ 2025 թվականի մարտին Մարգարյանը հրապարակել է տեսանյութ, որը պարունակել է հայրենիքի պաշտպանների հիշատակին վիրավորական արտահայտություններ։ Ըստ քննության՝ նա, մասնավորապես, արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակի և նրա սխրանքի նկատմամբ։ Բացի այդ, բլոգերը հրապարակել է ևս մեկ տեսանյութ, որտեղ, ըստ քննության, արդարացրել է ազգային պատկանելության հիմքով մարդկանց ոչնչացման հետ կապված նացիզմի գաղափարախոսությունն ու գործունեությունը։

Leave a Comment