Ալիևը հրամայել է ադրբեջանական բանակին ձեռնարկել պատասխան միջոցներ Նախիջևանի վրա հարձակումից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերին հանձնարարվել է ձեռնարկել պատասխան գործողություններ Նախիջևանի վրա Իրանի հարձակումից հետո։

«Մենք չենք հանդուրժի այս անհիմն ահաբեկչական գործողությունը և Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է պատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ», – ասել է Ալիևը հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Իրանը «ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ»։

Հինգշաբթի օրը ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։

Հիշեցնենք՝ Իրանը հերքել է Նախիջևանում հարվածներին իր մասնակցությունը: Իրանի գլխավոր շտաբը մեղադրել է Իսրայելին Ադրբեջանում անօդաչու թռչող սարքեր արձակելու մեջ. սա արվել է Թեհրանին մեղադրելու համար:

 

 

Leave a Comment