Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը մեկ այլ երկրի փոխանցելու հարցը․ Փաշինյան

Հայաստանը իր ռուս գործընկերների հետ քննարկում է Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրին փոխանցելու հնարավորությունը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը այս հարցում տեսնում է «որոշակի փոխըմբռնում» իր ռուս գործընկերների կողմից:

«Էլի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է ՌԴ-ի դեմ, չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակն՝ ասելով, որ Հայաստանն այս իրավիճակում կորցնում է իր մրցակցային առավելությունները, և մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ առաջիկայում մենք կկարողանանք հասնել լուծումների»,- նշել է Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան լուծում գտնել մոտ ապագայում: Վարչապետը նաև նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքները Հայաստանի սեփականությունն են, և տեսականորեն երկիրը կարող է խզել գործող կոնցեսիոն կառավարման պայմանագիրը:

«Հայաստանի Հանրապետությունը կարող է ուղղակի խզել և չեղարկել պայմանագիրը: Մեզ պետք չի, որ դա գնա ինչ-որ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները նախընտրում են հնարավոր լուծումները քննարկել իրենց ռուս գործընկերների հետ հանգիստ և համագործակցային ձևաչափով։

«Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է, պետք է պայմանավորվել, պետք է խոսել», – պարզաբանել է նա։

Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը քննարկում է երկաթուղու կառավարումը փոխանցելու հարցը այնպիսի պետության կամ ընկերության, որը լավ հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի հետ։ Նա, սակայն, ընդգծեց, որ հարցը դեռևս աշխատանքային մակարդակում է, ուստի որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Վարչապետը նաև մեկնաբանեց պայմանագրում այն ​​կետը, որը թույլ է տալիս կոնցեսիոներին վարձակալության կամ օգտագործման տրամադրել կոնցեսիոն ակտիվներ կամ հողամասեր երրորդ կողմին՝ առանց Հայաստանի լիազոր մարմնի հաստատման։

Փաշինյանը շեշտել է, որ անիրատեսական է համարում այն ​​սցենարը, որ ռուսական կողմը կարող է կառավարումը փոխանցել երրորդ երկրի՝ առանց հաշվի առնելու Երևանի դիրքորոշումը։

Փաշինյանը փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Ռուսաստանի շահերին վնասելը չկա և չի լինելու ՀՀ օրակարգում։ Իսկ փետրվարի 13-ին հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները կողմ են հանրապետության երկաթուղին շահագործելու իրավունքը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի վաճառելուն։

 

Leave a Comment