Դուբայից առաջին չվերթը հասել է Երևան, ևս 2-ն ուշացումով կժամանի

Դուբայից առաջին չվերթը հասել է Երևան, ևս 2-ն ուշացումով կժամանի

5 մարտի 2026 – 11:17 AMT

PanARMENIAN.Net – ԱՄԷ օդային տարածքի փակումից հետո առաջին անգամ մարտի 5-ի վաղ առավոտյան Դուբայից Երևան մեկնած առաջին չվերթը հասել է մայրաքաղաք, հայտնում է Factor.am-ը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն, Flydubai ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել նախատեսված ժամանակից մոտ երկու ժամ ուշ։ Թռիչքը տևել է մոտ վեց ժամ, մինչդեռ նախկինում Դուբայ-Երևան չվերթը սովորաբար տևել է մոտ երեք ժամ։

Ուշացումը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Մերձավոր Արևելքի մի շարք երկրների փակված օդային տարածքները, ինչի հետևանքով թռիչքի տևողությունը զգալիորեն ավելացել է։

Flightradar24 միջազգային թռիչքների հետևման կայքի տվյալներով՝ թռիչքն իրականացվել է Օմանի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի օդային տարածքներով։

Flydubai ավիաընկերության ևս մեկ Դուբայ-Երևան չվերթ նախատեսված էր ժամը 10։25-ին, սակայն այն նույնպես ժամանելու է ուշացումով։ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ դրա հաշվարկային ժամանումը նախատեսվել է ժամը 13։46-ին։

Ուշացումով է իրականացվելու նաև Emirates ավիաընկերության մեկ այլ Դուբայ-Երևան չվերթը։

Փետրվարի 28-ին Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև սկսված ռազմական գործողությունների հետևանքով Մերձավոր Արևելքի օդային տարածքը շարունակում է ամբողջությամբ կամ մասնակիորեն փակ մնալ։ Այս իրավիճակի պատճառով ավիաընկերությունները չեղարկել են հազարավոր կանոնավոր թռիչքներ, այդ թվում՝ Դուբայից դեպի Երևան իրականացվող մի շարք չվերթներ։

Leave a Comment